հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի և Հունաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Հայաստանի և Հունաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

«Ուրախ եմ Ձեզ տեսնել Երևանում և հույս ունեմ, որ ապագայում կրկին կտեսնեմ՝ ոչ միայն պաշտոնական, այլ նաև աշխատանքային այցերով:

Մեր այսօրվա հանդիպումն անցավ շատ ջերմ, բարեկամական ու նաև շատ գործնական մթնոլորտում: Շատ բովանդակալից քննարկումներ ունեցանք խնդիրների լայն շրջանակի շուրջ: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը, որ մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում հունական կողմը կարագացնի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Խոսեցինք նաև Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցի մասին, և իմ լավ բարեկամը խոստացավ աջակցել գործընթացի արագացմանը:

Քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ իմ բարեկամն առաջարկեց, որ Հունաստանը Հայաստանի համար ԵՄ-ում դառնա առաջին գործընկերը, իհարկե, նշելով, որ Հայաստանն ունի նաև այլ բարեկամներ՝ Ֆրանսիան, Գերմանիան և այլն: Խոսվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով համագործակցության մասին:

Պարոն նախագահի հետ զրուցեցինք այն թեմայի շուրջ, որ Հայաստանը կարող է դառնալ Հունաստանի համար դարպաս դեպի ԵԱՏՄ տարածք, այսինքն՝ աշխատելով Հայաստանի հետ և Հայաստանի միջոցով, Հունաստանը կարող է ունենալ մուտք ավելի մեծ շուկա: Այստեղ, կարծում եմ, մենք շատ անելիք ունենք:

Մեր երկխոսության ընթացքում անդրադարձանք ոչ միայն ԵՄ շրջանակում, այլև շատ ավելի լայն շրջանակներում փոխգործակցությանը: Խոսքը ՄԱԿ-ի, նրա միջազգային ինստիտուտների, մասնավորապես՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, ինչպես նաև համամարդկային և քրիստոնեական արժեքների պահպանության և պաշտպանության ոլորտներում համագործակցության մասին է:

Զրուցեցինք մեր պատմության մասին: Երկու ժողովուրդները ոչ միայն ընդհանուր պատմություն, մշակույթ ունեն, այլ նաև՝ ընդհանուր մոտեցումներ: Մեր բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Սրանից մոտավորապես 100 տարի առաջ հայերն անցել են Մեծ եղեռնի օրհասական ճանապարհով, Պոնտոսի հույները ևս նմանատիպ՝ ցեղասպանության ճանապարհ են անցել:

Պայմանավորվեցինք, որ հայկական և հունական մեծ սփյուռքները, որոնք տարածված են ամբողջ աշխարհով, համագործակցեն և ծառայեն մեր երկու պետությունների և ազգերի շահերին: Այդ շահերը շատ ընդհանրություններ, ընդհանուր գծեր ու խնդիրներ ունեն, որ կարող ենք համատեղ լուծել: Ակնկալվում է այդ համագործակցությունը խորացնել նաև տնտեսության ոլորտում:

Խոսեցինք նաև երկու պետությունների խորհրդարանական ինստիտուտների համագործակցության, ինչպես նաև՝ կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտներում գործակցության մասին:

Կարծում եմ, որ քաղաքական երկխոսության, ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում գործակցության մակարդակը բավական բարձր է: Սակայն, իրականում երկու պետությունների ու ժողովուրդների մեջ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հետևաբար, մեր բոլոր ինստիտուտները՝ և՛ նախագահական ինստիտուտները, և՛ կառավարությունները, խորհրդարանները, Սփյուռքի կառույցները կարող են ավելի մեծ ներդրում ունենալ և խորացնել երկու պետությունների համագործակցությունը:

Համագործակցությունը նաև կոնկրետ գործնական քայլեր է ենթադրում: Այդ առումով առաջարկեցի, որ հունական կողմը դիտարկի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին հանդիպումը մյուս տարի Հայաստանում անցկացնելու գաղափարը, որին կմասնակցեն պետական գործիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ, որպեսզի կարողանանք համագործակցության համատեղ ծրագիր մշակել:

Ուզում եմ հավատալ, որ այս այցելությունը պատմական է լինելու ոչ միայն Ձեր՝ որպես Հունաստանի նախագահի առաջին այցելություն Հայաստան, այլ նաև պատմական՝ բոլորիս համար, և նոր էջ է բացելու Հայաստան-Հունաստան հարաբերություններում, հայ և հույն ժողովուրդների միջև: Վստահ եմ, որ և՛ Հունաստանը, և՛ Հայաստանը 21-րդ դարում պայծառ ապագա են ունենալու: Ուրախությամբ կաշխատեմ Ձեզ հետ միասին, որ մեր համագործակցությունը լինի ավելի խորը, կազմակերպված և ապագայի համար թիրախավորված: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Հունաստանի կառավարությանն այն աջակցության համար, որ ցուցաբերում եք Արցախի հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Կիսում եմ Ձեր այն մոտեցումը, որ իրավունքն ընդհանրապես, և միջազգային իրավունքը, կարևոր են ու գերակա: Համաձայն եմ նաև, որ յուրաքանչյուր խնդիր, հակամարտություն իրապես յուրօրինակ է, և շատ դժվար է պատմական, քաղաքական, միջազգային իրավունքի սահմաններում դնել, համեմատել և ուղղակի վերարտադրել կամ վերատպել որոշումները կամ լուծումները: Լավագույն մոտեցումն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը խորապես հասկանում է մյուսի խնդիրները, գիտակցում, որ այդ լուծումները պետք է գտնել համամարդկային արժեքների և իրավունքների սահմաններում»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք