211652_close_icon
views-count3058 դիտում article-date 20:09 04-11-2019

Ախալցխայում «ԱրՄաթ» լաբորատորիա բացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 1-ն Ախալցխայում տոն էր. Բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Այսուհետ ախալցխացի փոքրիկները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմաթիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։ Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ: Բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Ներկա էին ՋԱՀ-ի և ԱՏՁՄ պատվիրակությունը, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ, տեղական իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական ու մշակութային գործիչներ։ Ինչպես իր ելույթում նշեց ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը այս կենտրոն կարող են հաճախել նաև վրացի երեխաները. «Վրացական իշխանության ներկայացուցիչների հետ բազմաթիվ անգամներ ենք քննարկել «ԱրՄաթ» կրթական ծրագիրը նաև վրացական դպրոցներում ներդնելու հարցը։ Այն ամբողջությամբ թարգմանված և հարմարեցված է նաև վրացի երեխաներին։ Մինչ այդ քննարկումները ընթացքի մեջ են, ՋԱՀ-ն անում է առաջին քայլը. Ախալցխայի «ԱրՄաթ» կենտրոնում գործելու է նաև վրացական խումբ, ուր կարող են հաճախել նաև վրացի երեխաները։ Ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում մեր երկու ազգերի երեխաների հաջողություններով ուրախանալու առիթներ ենք ունենալու։ Մենք չափազանց կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ առաջատար տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում վճռորոշ դեր ունեն, իսկ մեր փոքրիկ քրիստոնյա կղզյակում, որտեղ հարևանությամբ ապրում են հայերն ու վրացիները, գլխավոր հարստությունը մարդն է ու մարդկային միտքը»։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատգամավորական խմբի անունից ողջունեց ջավախքցիներին և հույս հայտնեց, որ նմանատիպ կենտրոնների հիմնումը երեխաներին ու համայնքի բնակիչներին իրենց հողին կապող ևս մեկ օղակ է դառնալու և այլևս կարիք չի լինելու տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհին ծանոթանալու համար մեկել մեծ քաղաքներ։ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը ներկաներին փոխանցեց ընկերության տնօրենի՝ Կարեն Վարդանյանի ողջույնները և վստահեցրեց, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները բացի երեխաների կրթական և ապագա մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցը, լուծում են նաև ժողովրդագրական խնդիր՝ կասեցնելով արտագաղթը և նպաստելով տարածաշրջանի ընդհանուր բարեկեցությանը: Բացման արարողությունը շարունակվեց մշակութային մասով։ Հոգևորականները կատարեցին տնօրհնեքի արարողություն, որից հետո միջոցառման հյուրերին իրենց աշխատանքները ներկայացրեցին Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 522026 կամ 094 060 088 հեռախոսահամարներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր