211652_close_icon
views-count1459 դիտում article-date 16:20 03-11-2019

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը նշել է դրոշի օրը

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը նոյեմբերի 3-ին կազմակերպել է ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ միջոցառում, որին ներկա են գտնվել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պարալիմպիկ խաղերին մասնակից հայ մարզիկներ, դպրոցականներ և ուսանողներ, ովքեր դրոշի գույներով փուչիկներ են բաց թողել երկինք՝ ԱՄԷ օրհներգի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից։ «ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ-Զաաբին բարձրացրել է ԱՄԷ դրոշը դեսպանության շենքի հարևանությամբ և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Էմիրությունների հիմնադրման և դրոշի ստեղծման պատմությունը։ Դեսպանի խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները յուրաքանչյուր տարի նոյեմբերի 3-ին նշում է Դրոշի օրը, որը մարմնավորում է միասնության, համախմբվածության և պետականաշինության բարձրագույն արժեքները։ Նա հավելեց, որ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ-Մաքթումը 2013թ․-ին Դրոշի օրը հռչակել է որպես ամենամյա ազգային միջոցառում։ Դրոշի օրը նշելը վերահաստատում է ղեկավարության հանդեպ հավատարմությունը, հայրենիքին նվիրվածությունը և դրոշին ծառայելը։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամին նշեց, որ ԱՄԷ-ն դարձել է քաղաքակրթության, մարդկային առաջընթացի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման լավագույն օրինակներից մեկը։ Նա տեղեկացրեց, որ իր երկիրը կանանց դերի ամրապնդման վարկանիշով համաշխարհային աղյուսակներում զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները և շնորհակալություն հայտնեց ԱՄԷ ղեկավարությանը բոլոր ոլորտներում և որոշումների կայացման տարբեր հարթակներում կնոջ դերի բարձրացման համար։ ԱՄԷ դրոշը կազմված է կարմիր, կանաչ, սպիտակ և սև գույններից։ Սպիտակ գույնը խորհրդանշում է բարեգործությունը և աշխարհում անվտանգության և խաղաղության աջակցությանն ուղղված պետության մոտեցումը, կանաչ գույնը խորհրդանշում է զարգացումն ու բարգավաճումը, կանաչ բնությունը, քաղաքակրթական վերելքը, սև գույնը խորհրդանշում է քաղաքացիների ուժն ու կամքը, ծայրահեղականության և անարդարության մերժումը, իսկ կարմիր գույնը՝ Էմիրությունների զավակների թափած արյունը հանուն էմիրությունների հիմնադրման։ Դրոշի հեղինակն է Աբդալլահ Մուհամմադ ալ Մաինան։ Յուրաքանչյուր տարի այս օրը Արաբական Միացյալ Էմիրությունները կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ նվիրված պետության դրոշին։ Տարբեր պետական և հասարակական կառույցներում բարձրացվում է ԱՄԷ դրոշը երկրի հիմներգի ներքո, իսկ փողոցներն ու շենքերը զարդարվում են դրոշներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր