հիմնական կայք
Լրահոս

Կայացավ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացման Պրեմիերան

Կայացավ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացման Պրեմիերան Նոյեմբերի 1-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ «Հիշիր վաղվա օրդ» վերականգնված ներկայացման պրեմիերան:


Այս ներկայացումը տարիներ առաջ եղել է թատրոնի բեմում, եւ ինչպես մինչ ներկայացման մեկնարկն իր խոսքում նշեց ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, բեմ է վերադառնում ՊՀԹ-ի երբեմնի խաղացանկային լավագույն ներկայացումներից մեկը. «Ներկայացումը, հարգելի պատճառներով, ժամանակավորապես դադարել էր լինել բեմում, բայց և´ հանդիսատեսը, և´ դերասանները մշտապես հիշել ու սպասել են դրա վերադարձին»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց նաեւ, որ թատրոնի գեղարվեստա-ստեղծագործական գործընկերների խնդրանքով, առաջարկով և հորդորով, տնօրինության հետ միասին, որոշել են հրավիրել ներկայացման բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին՝ վերականգնելու ընտանիքի, ծնողների և զավակների հարաբերությունների մասին պատմող այս չափից շատ հուզիչ բեմադրությունը:

«Ուզում եմ կարևորել այս ներկայացման վերադարձը բեմ՝ իր ասելիքի, իր խորության ու մշտնջենական խնդիրների վերհանման համար։ Ուզում եմ նաև կարևորել այն հանգամանքը, որ ներկայացման մեջ զբաղված են մեր թատրոնի ավագ ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Արև Սանթրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Մաթևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Բաբելյանը, վաստակաշատ դերասանուհիներ Անահիտ Ղուկասյանն ու Մարիետտա Նազարյանը, դերասաններ Իշխան Ղարիբյանը, Սիրանուշ Լազյանը, Վահան Միրաքյանը, Ցողիկ Մարտիրոսյանն ու Անդրանիկ Հակոբյանը։
Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր թատրոնի ստեղծագործական կազմին՝ պատրաստակամության ու նվիրումի համար:

Հուսով ենք, որ այս դրաման անպայմանորեն ձեզ կհուզի, կարձագանքի ձեր սրտերում, շատ ու շատ մտածելու և անհանգստանալու տեղիք կտա, ինչին էլ առհասարակ կոչված է արվեստը»,-շեշտել է Դավիթ Հարությունյանը:

Ներկայացման ավարտին նկատելի էր հանդիսատեսի հուզմունքը, բայց դա նրանց չխանգարեց երկարատեւ ծափահարություններ նվիրել իրենց սիրելի արտիստներին:

Երկու գործողությամբ ներկայացումը արժանացել է ոչ միայն հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, այլեւ թատրոնի գեղարվեստական խորհրդի հավանությանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք