հիմնական կայք
Լրահոս

Մարտաֆիլմ հիշեցնող սպանություն և սպանության փորձ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. վարկածներից մեկը վենդետան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտաֆիլմ հիշեցնող սպանություն և սպանության փորձ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ,  1 վիրավոր. վարկածներից մեկը վենդետան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:


Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժանանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը:

Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները և նրանց միացած՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ռոբերտ Սմբատյանի և նույն վարչության պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ, պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում՝ դեպի Գավառ տանող ճանապարհին:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 19 պարկուճ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել է 20-ից ավելի կրակոց:

Փաստի առթիվ Գեղրաքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել:

Հավաքվածները նշում էին նաև, որ այսօրվա կրակոցը, հնարավոր է, վրեժխնդրություն լինի:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետին կից խորհրդի անդամները՝ խորհրդի անդամ Իշխան Խաչատրյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք