հիմնական կայք
Լրահոս

ԵՊՀ-ում մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ-ում մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որը տևելու է 2 օր:


Միջազգային գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունը, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

Միջազգային 2-րդ գիտաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

«Խորհրդանշական է, որ այս գիտաժողովը տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման 100- ամյակի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը:

Արթուր Իսրայելյանի խոսքով, արևելագիտության զարգացումը մեր երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի:

«Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված՝ այսօր մեզ համար հրամայական է համարժեք արձագանքել ինչպես առաջացող մարտահրավերներին, այնպես էլ լավագույնս օգտվել առկա հնարավորություններից»,- ասաց Արթուր Իսրայելյանը:

Նա առանձնացրեց նաև այն փաստը, որ ԵՊՀ-ի համար չինագիտության զարգացումն առաջնահերթություններից է, և այստեղ կարևոր առաջադրանքներից մեկը չինագետների պատրաստումն է, որոնք անխոչընդոտ կընդգրկվեն Հայաստանի դիվանագիտական ծառայությունում և հետագայում մեր երկրում կձևավորեն չինագիտական դպրոց:

«Այսօր ԵՊՀ-ում բավականին արդյունավետ գործում են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնն ու Արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնը»,- փաստեց Արթուր Իսրայելյանը:

Նրա խոսքով, հայերն ու չինացիներն ունեն բազում ընդհանրություններ՝ հնագույն քաղաքակրթություն, հարուստ մշակույթ, ճկուն միտք. սրանք այն գործոններն են, որոնք այսօր հիմք են ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

Ելույթի վերջում Արթուր Իսրայելյանը նշեց, որ հոկտեմբերին Երևանում ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը ցույց տվեց, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ եվրասիական տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ համագործակցության հարթակ դառնալու:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպանությանը և ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի աշխատակազմին ցուցաբերած ջանքերի և կատարած աշխատանքի համար:

Գիտաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը:

Վերջինս նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել «Չինաստան-Եվրասիա» խորագիրը կրող գիտաժողովին:

«Հայաստանը շատ բարձր է գնահատում Չինաստանի հետ համագործակցությունը,-ընդգծեց Լենա Նազարյանը,- լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանի համար շատ կարևոր է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Այն ապահովում է փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել ԵԱՏՄ ընդհանուր և առանձին պետությունների շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը»:

Լենա Նազարյանը նշեց, որ հայ-չինական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով կարևորում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ երկու երկրների համագործակցության արդյունքում 2008 թվականին հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանը, որը կարևոր նշանակություն ունի չինարեն սովորելու հարցում. «Իմ նախաձեռնությամբ ցանկանում եմ ընդլայնել նաև Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքակրթական օրակարգը, որը ներառելու է գրականության թարգմանություն, ֆիլմերի փառատոններ»:

ԱԺ փոխնախագահը խոսեց նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մասին, որը Չինաստանի ամենամեծ նախագծերից մեկն է, և որի նկատմամբ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի:

Վերջում Լենա Նազարյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը և ներկաներին արդյունավետ աշխատանք մաղթեց:

Միջազգային գիտաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունը:

Վերջինս առանձնահատուկ կարևորեց այն տնտեսական թռիչքը, որը Չինաստանը գրանցել է իր անկախության հռչակման 70 տարիների ընթացքում՝ հեղինակելով «Չինական տնտեսական հրաշքը»:

«Այսօր Չինաստանը զարգացած տնտեսություն ունեցող երկիր է, որն ակտիվորեն պատրաստ է համագործակցել իր միջազգայն գործընկերների հետ, կնքել պայմանագրեր տարբեր ոլորտներում համատեղ աշխատելու մասին, ինչպես նաև շարունակել աշխատել ժողովրդական արժեքների ամրապնդման ուղղությամբ»,- նշեց Թիան Էրլունը:

««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանն ուրախությամբ նշեց, որ «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովն ամենամյա է, որին մասնակցում են Հայաստանի ու աշխարհի 16 երկրների առաջատար գիտնականներ:

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի՝ աշնանը, Հայաստանը վերածվում է Չինաստանի և Եվրասիայի մասին շատ կարևոր քննարկումների կենտրոնի,- շեշտեց Մհեր Սահակյանը,- գիտաժողովի ընթացքում քննարկվելու են եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգությանը վերաբերող փոփոխությունները»:

Տեղի ունեցավ նաև ցուցահանդես՝ «Գեղեցիկ Չինաստան» խորագրով, որը կազմակերպել էր Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանությունը:

Ցուցահանդեսի համար ընտրվել էր 30 նկար, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Չինաստանի բոլոր համայնքների և կարևորագույն քաղաքների պատմամշակութային վայրերն ու ժառանգությունը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք