211652_close_icon
views-count1412 դիտում article-date 16:55 01-11-2019

ԱՄՆ Հայ դատը Ցեղասպանության ճանաչման նախագիծը օրակարգ բերելու քննարկումներ կունենա սենատորների հետ

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ինտենսիվ աշխատանք է ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչման 150-րդ բանաձևը Սենատում շուտափույթ ներկայացնելու և քվեարկելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանը: «Սենատում 150-րդ բանաձևը ներկայացվել է այս տարվա ապրիլին։ Այս պահի դրությամբ բանաձևն ունի Սենատի 21 անդամի ուղղակի աջակցություն։ Աշխատանքներ են տարվում այս թիվը մեծացնելու ուղղությամբ և շուտափույթ կերպով ներկայացնելու Սենատի լիագումար նիստին քվեարկության համար։ Գործընթացային տեսանկյունից Սենատը տարբերվում է Ներկայացուցիչների պալատից և ժամկետների մասով էլ դեռևս անորոշ է. դժվար է ասել, թե երբ այն կներկայացվի քվեարկության»,-նշեց Արմեն Սահակյանը: Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ սկսում են համակարգել տարբեր հանդիպումների ևս մեկ փուլ այն սենատորների գրասենյակների հետ, որոնք պայքարում են Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:

Նմանատիպ նյութեր