հիմնական կայք
Լրահոս

Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել

Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել Պրեմիերայից ուղիղ 10 տարի անց Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը կրկին բեմ է վերադառնում, սակայն այս անգամ նոր մոտեցմամբ ու նոր դերասանական կազմով: Նարեկ Դուրյան-Հրանտ Թոխատյան դուետի փոխարեն բեմում կլինեն «Բոհեմ» թատրոնի երիտասարդ արտիստները, նոր մեկնաբանմամբ նեկայացումն էլ կկոչվի «Դոն Ժուան Ավիա Junior»:


«Տարիներ առաջ ես բեմադրեցի Մարկ Կամոլետիի «Բոինգ-բոինգ» իրավիճակային կատակերգությունը, որն աշխարհում իր բեմադրության քանակով ռեկորդ է սահմանել, Ֆրանսիայում էլ, շուրջ 40 տարի է՝ բեմից չի իջնում: Մեր տարբերակում այն անվանեցինք «Դոն Ժուան Ավիա»: Իհարկե, այն ամբողջովին տեղայնացրել էինք: Ես և Հրանտ Թոխատյանը շուրջ 9 տարի խաղացինք այն, հետո էլ կարող էինք խաղալ, ուղղակի մեր զբաղվածությունը մեծացավ, ընդհատեցինք… Հիմա այդ նույն ներկայացումը կրկին վերափոխել եմ, թարմացրել, բեմում էլ ոչ թե ես և Հրանտն ենք լինելու, այլ՝ իմ թատրոնի երիատասարդները»,-նշում է Նարեկ Դուրյանը:

Տևական ժամանակ բեմադրիչ-դերասանն այս ներկայացման մասին «մոռացել» էր. երեք տարի առաջ ստեղծեց «Բոհեմ» թատրոնն ու նոր շենք տեղափոխվեց, ու թատրոնն արդեն ունի իր դերասանները՝ Նարեկ Դուրյանի նախկին ուսանողները: Հենց այդ դերասանների միջոցով էլ պատրաստում է «Դոն Ժուան Ավիա Junior»-ը: Ասում է՝ առաջին անգամ ինքը բեմում ընդհանրապես չի լինելու, երիտասարդ դերասանների խաղին հետևելու է հետնաբեմից:

«Պիեսը բավականին փոխել եմ, վերաբեմադրել: Առաջին անգամ է, որ ես բեմ դուրս չեմ գալու, բայց անհանգստությունս առավել մեծացել է, կրկնապատկվել: Երևի թե ես հետնաբեմում ավելի շատ լարված լինեմ, քան իրենք՝ բեմին: Ես էրեխեքիս ասել եմ՝ եթե ներկայացումը քայլեց, կհամարեմ, որ իզուր չեմ ապրել: Ինձ թվում է՝ այդպես էլ կլինի, իրենք շատ լավ են աշխատում: Ու մի բան կա, որ իրենց մեջ շատ եմ հավանում՝ հանդիսատեսի նկատմամբ ազնվությունը»,-ընդգծեց Ն. Դուրյանը

Ներկայացման հիմքում զվարճալի պատմություն է. երիտասարդ, ով միաժամանակ երեք նշանած ունի, ովքեր տարբեր ավիաընկերությունների ուղեկցորդուհիներ են: Տղան ունի բոլորի չվացուցակները ու հաջողացնում է առանց խոչընդոտների նրանց հետ ժամադրվել: Մի օր նրան հյուր է գալիս ընկերը, եղանակային պայմանների պատճառով էլ երեք ավիաընկերությունների ինքնաթիռները միաժամանակ են վայրէջք կատարում ու աղջիկները, միմյանցից անտեղյակ, հայտնվում են իրենց ընդհանուր նշանածի՝ երեք տարբեր սենյակներում: Այստեղից էլ սկսվում է պատմության ամենահետաքրքիր ու զավեշտալի ընթացքը:

Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանն ու Ռուզաննա Մանուչարյանը:

Առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին և 9-ին՝ Գրողների միության շենքում գտնվող Բոհեմ թատրոնում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք