հիմնական կայք
Լրահոս

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին Հարց. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։


Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն ելքերն ու լուծումները՝ ի շահ Լիբանանի Հանրապետության հետագա կայունության ու բարգավաճման և ի բարօրություն Լիբանանի եղբայրական ժողովրդի։

Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում Բեյրութում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով և մեկն է այն դեսպանություններից, որի հյուպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատվածում շարունակել է ընդունելությունները և շուրջօրյա ծառայությունները ՀՀ քաղաքացիներին։

Ինչպես գիտեք, մեր դեսպանությունը հայտարարությամբ դիմել է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրեր այցելելուց։

Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին, ապա այն սահմանադրորեն է ներկայացված երկրի պետական կառուցներում և Լիբանանի ներքաղաքական գործընթացներին առնչվում է իբրև երկրի քաղաքական կյանքի բնականոն մասնակից և դերակատար։

Բեյրութում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների ղեկավարների, այնպես էլ Լիբանանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք