211652_close_icon
views-count1460 դիտում article-date 16:55 29-10-2019

ՀՀ Ազգային Ժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական եւ համամարդկային միեւնույն արժեհամակարգին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար: Ռոբերտո Ֆիկոյի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած տնտեսական, դատաիրավական եւ քաղաքական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին` Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում համաձայնեցված ձեւակերպումների կիրառմամբ: Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում տալու համար: Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլեւ կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ:

Նմանատիպ նյութեր