հիմնական կայք
Լրահոս

Ամերիկացի փորձագետն առաջարկել է Վրաստանի Ջավախք շրջանում ամերիկյան զինվորականներ տեղակայել

Ամերիկացի փորձագետն առաջարկել  է Վրաստանի Ջավախք շրջանում ամերիկյան զինվորականներ տեղակայել Ամերիկացի վերլուծաբան Լյուկ Քոֆին, որը Heritage Foundation ազդեցիկ պահպանողական ինստիտուտի անդամ է, առաջարկում է Սիրիայից դուրս բերված ամերիկացի զինվորականներին տեղակայել Վրաստանում՝ երկրի հարավում գտնվող Ջավախք շրջանում, որի բնակչության մեծամասնությունը հայեր են, գրում է Jamnews-ը։


Այս մասին նա գրել է Թվիթերում։

«Շարունակություն․ Սիրիան լքող ամերիկյան զորքերը կարող են ուղղվել Վրաստան և ԻԼԻՊ-ի վերականգնման դեպքում արագ պատասխանի համար «հորիզոնից այն կողմ» ուժ դառնալ։ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի ռուսական հին ռազմաբազան, որը Ռաքայից 740 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այժմ Վրաստանն Իրաքից ավելի հուսալի է», – գրել է Քոֆին։

Քոֆին ընդգծում է, որ դա իր անձնական գաղափարն է, և Վաշինգտոնում այն չի քննարկվում։ Քննադատներին, որոնք կարծում են, որ Վրաստանում ամերիկյան զինվորականների տեղակայումը կփչացնի Թուրքիայի հետ Վրաստանի հարաբերությունները, Քոֆին խորհուրդ է տալիս ավելի լավ ուսումնասիրել թուրք-վրացական հարաբերությունները։

«Շատերն են հարցնում, թե ինչպիսի՞ն է լինելու լոգիստիկան։ Դա ընդամենը 750 կմ է։ Կարծում եմ, որ ԱՄՆ ռազմական ուժերն ի վիճակի են հաղթահարելու այդ տարածությունը։ Իսկ նրանք, ովքեր հարցնում են, թե ինչպիսին կլինեն Թուրքիայի հետ հարաբերությունները, պարզապես չեն հասկանում թուրք-վրացական հարաբերությունները։ Եվ այո, դա կկանգնեցնի նաև Ռուսաստանին», – գրում է Քոֆին։

Վրաստանում թերահավատորեն են վերաբերվում Քոֆիի առաջարկի ռեալ իրականացմանը։

«Լյուկ Քոֆին հետաքրքիր գաղափարներ ունենում է, նա լավ վերլուծաբան է և Վրաստանի ընկեր։ Սակայն թե նրա գաղափարներից ինչը կարելի է կյանքի կոչել, իսկ ինչը՝ ոչ, դա արդեն այլ հարց է։ Ընդհանուր առմամբ, այդ մարդն անում է այն, ինչ պետք է անի Վրաստանի կառավարությունն, իսկ ավելի ճիշտ, նա «անհանգստացնում է» Արևմուտքին և ողջ աշխարհին Վրաստանի վերաբերյալ գաղափարներով և Վրաստանի թեման միշտ արդիական է պահում», – կարծում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն և պաշտպանության ոլորտի փորձագետ Նոդար Խարշիլաձեն։

Միջազգային հարաբերությունների փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն ասում է, որ Քոֆիի նախաձեռնությունը հաճելի է հնչում, սակայն հեռու է իրականությունից։

«Շատ հաճելի է լսել այդ Քոֆիին։ Սակայն, ավելի լավ կլինի չմանրանալ և պահանջել ամերիկացի զինվորականներին տեղակայել ուղիղ Գորիում [շրջան, որը հարում է վրաց-օսական հակամարտության գոտուն, որտեղ տեղակայված են ռուս զինվորականները _JAMnews]», – գրում է Շարաշենիձեն Ֆեյսբուքում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք