211652_close_icon
views-count3538 դիտում article-date 16:50 25-10-2019

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում հյուրընկալելու մասին: ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը. «Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: ԵԱՀԿ Գործող նախագահը բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:

Նմանատիպ նյութեր