հիմնական կայք
Լրահոս

Շարունակվում է ԱԶԲ-Հայաստան արդյունավետ համագործակցությունը․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին

Շարունակվում է ԱԶԲ-Հայաստան արդյունավետ համագործակցությունը․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:


Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա կարևորել է ՀՀ կառավարության դերը պետություն-մասնավոր գործընկերության հատվածում և նշել․ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջնային ուղղությունները, որոնց մասով կարող ենք մաքսիմալացնել մեր ներուժային աջակցությունը և ակնկալում ենք կառավարության հետ փոխադարձ համագործակցության միջոցով թիրախավորել առաջնահերթությունները և ֆինանսավորման հիմնական հնարավոր ուղղությունները»։

Նախարարն իր խոսքում նշել է․ «ԱԶԲ-ն՝ որպես խոշոր ֆինանսական հաստատություներից մեկը, աջակցում է կառավարության ծրագրերի իրականացմանը և ներկայում առավելապես ներգրավված է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։ Այս համատեքստում նաև կարևոր է շարունակել քննարկումները մասնավոր հատածի ֆինանսավորման հնարավորությունների ձևավորման ուղղությամբ»։ Նախարարը նշել է, որ մասնավոր հատվածի հանդեպ բանկի հետաքրքրության մեծացումը թույլ կտա վեր հանել երկրում ինստիտուցիոնալ զարգացման, բաժնետիրական ընկերությունների օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրները՝ ֆինանսական աջակցության երաշխիքների և ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Նա կարևորել է նաև երկրում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի և ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղություններին, ՀՀ կառավարությանը պետություն-մասնավոր գործընկերություն հատվածում աջակցության շարունակականության ապահովմանը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը, ԱԶԲ պլանավորված քաղաքային կայուն զարգացման ծրագրի տնտեսական բաղադրիչի պատշաճ ապահովման երաշխիքի կարողությունների զարգացմանը, ՓՄՁ-ներին ԱԶԲ աջակցության ընդլայնման հնարավորություններին, գործարար միջավայրը բարելավելու համար տեխնիկական աջակցությանը և մի շարք այլ հարցերի:

Նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները և շեշտել ԱԶԲ-ի հետագա աջակցության և փոխադարձ համագործակցության ամրապնդման կարևորությունը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք