հիմնական կայք
Լրահոս

ՀՀ-ն և Չինաստանը հուսալի գործընկերներ են. ՉԺՀ կառավարության հատուկ բանագնացը՝ փոխվարչապետ Ավինյանին

ՀՀ-ն և Չինաստանը հուսալի գործընկերներ են. ՉԺՀ կառավարության հատուկ բանագնացը՝ փոխվարչապետ Ավինյանին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյին:


Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ ընդամենը երկու օր առաջ Լի Հուեյի հետ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում մասնակցում էին պանելային քննարկմանը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Նա հավելել է, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Հուեյը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հուսալի գործընկերներ են հանդիսանում և երկու երկրների շահավետ փոխգործակցությունը շարունակում է զարգանալ:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այս առումով կարևորելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ առկա է զգալի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լեռնամետալուրգիայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հեռանկարներին:

Տիգրան Ավինյանը խոսել է իր գլխավորությամբ հայկական պատվիրակության Շանհայում անցկացվելիք Չինաստանի ներմուծման միջազգային երկրորդ ցուցահանդեսին հավանական մասնակցության մասին և շնորհակալություն հայտնել չինական կողմին ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական ընկերությունների ցուցաբերած աջակցության համար: Լի Հուեյը նշել է, որ Հայաստանից բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համար:

Զրուցակիցները քննարկել են նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ, Չինաստան-Եվրասիական միություն հարաբերությունները և դրանցում Հայաստանի ունեցած դերը, ինչպես նաև առանց մուտքի արտոնագրային ռեժիմին և զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելուն վերաբերող հարցեր։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք