211652_close_icon
views-count1987 դիտում article-date 22:21 17-10-2019

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի ԿԳՄՍ նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաեւ իրենց համակարգած ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը եւ Միխեիլ Բատիաշվիլիին կարեւորել են երկու երկրների միջեւ ձեւավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձեւաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի եւ գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաեւ դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը: Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջեւ համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի եւ այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար: Հայաստանի եւ Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաեւ կարեւորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձեւաչափերը երիտասարդների միջեւ շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։

Նմանատիպ նյութեր