211652_close_icon
views-count6686 դիտում article-date 22:29 15-10-2019

Ինչո՞ւ է նեղացել Սահմանադրական մարմիններից ավելի Սահմանադրական Վահե Գրիգորյանը. Արսեն Բաբայան

Հարգելի՛ Վահե, երբ Ձեր երդման օրը ԱԺ ամբիոնն օգտագործեցիք դարի հայտարարությունն անելու համար, թե ինչու ՍԴ-ում կա երկու դատավոր այլ ոչ ` ինը, ինչո՞ւ խորքային ճգնաժամի կամ Ձեր հարցազրույցի «թիթիզ» արտահայտությունների մասին չհիշեցիք, այլ միայն խոսեցիք դատավոր/անդամ պարզունակ բառախաղի մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես գրել է. «Այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ակնհայտորեն ցույց տվեց իր նեղացվածությունը ԱԺ մեծամասնությունից, նաև զայրույթը խորհրդարանի նկատմամբ` իր պրոֆեսիոնալ դիրքորոշումը շրջանցելու և անգրագիտություն ցուցաբերելու համար։ Ընդ որում, հարցազրույցում մոռացվել էր դատավոր-անդամ դարակազմիկ խնդիրը, իսկ հանրության աչքին համոզիչ թվալու համար, թերևս, օգտագործվում էին բարդ և նույն այդ հանրության մեծամասնությանը անծանոթ տերմիններ, օրինակ` «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ» բառակույտը: Իսկ իրականում ինչի՞ մասին էր հարցազրույցը: Խոսեմ կետ առ կետ․ 1․ Դատավոր -անդամ բառախաղ Երկար պետք չէ խոսել սրա մասին, պարզապես հիշենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները դատավոր/անդամ բանավեճը բառախաղ որակելու, ինչպես նաև բոլոր դատավորների իրավահավասարությունը, անկախ նշանակման պահից, շեշտադրելու մասին։ Հարգելի' Վահե, ինչո՞ւ Վենետիկին չմեղադրեցիք անգրագետ լինելու մեջ, թե՞ Ձեր ուժը միայն սկսնակ և գուցե` ոչ այնքան կիրթ պատգամավորների վրա է պատում։ Ինչո՞ւ Ձեր թեզը չպաշտպանեցիք և սահուն անցում կատարեցիք ճգնաժամի այլ հիմնավորումներին։ 2.Սահմանադրական ճգնաժամ Հարգելի՛ Վահե, երբ Ձեր երդման օրը ԱԺ ամբիոնն օգտագործեցիք դարի հայտարարությունն անելու համար, թե ինչու ՍԴ-ում կա երկու դատավոր այլ ոչ ` ինը, ինչո՞ւ խորքային ճգնաժամի կամ Ձեր հարցազրույցի «թիթիզ» արտահայտությունների մասին չհիշեցիք, այլ միայն խոսեցիք դատավոր/անդամ պարզունակ բառախաղի մասին։ Թե՞ այդ պահի դրությամբ միակ հարմար մեթոդը, որը գտել էիք, դա էր։ Թե՞ այդ պահին ծովը ծնկներից էր, և մտածում էիք` կարիք չկա նեղություն կրել և լուրջ բան մտածել, և միայն խրոխտ ելույթը բավական էր, որպեսզի ՍԴ գնալուն պես` շենքը դատարկվեր։ Իսկ հետո, երբ հասկացաք, որ ամեն ինչ այնքան էլ պարզ ու պարզունակ չէ, և իրականում այնտեղ կենսագրություն ունեցող, լուրջ ճանապարհ անցած մարդիկ են, սկսեցիք համոզիչ երևալու համար ավելի խորհրդավոր հիմքեր և արտահայտություններ պեղել և «պադդերժկա» անել նախորդ հայտարարությունները։ Արդյոք այս ամենից հետո կարելի՞ է հավատալ, որ Ձեր խնդիրը հիվանդության ճիշտ ախտորոշումն է, և ԱԺ նախաձեռնության վրա ցեխ նետելը այլ նպատակներ չի հետապնդում, ինչպես օրինակ` Վլադիմիր Վարդանյանին վարկաբեկելը։ Կամ Ձեր կողմից «ճգնաժամը» հայտնաբերելու պահից սկսած` ով ինչ հասցներ` «խցկում» էր ճգնաժամ բառի տակ, այդ թվում՝ Ձեր թեզի հետ կապ չունեցող / ՍԴ նախկին նախագահի պաշտոնավարման ժամկետ չի եղել, հետևաբար` նոր նախագահի պաշտոնավարման ժամկետ ևս չկա և այլն և այլն/։ Ինչո՞ւ մի պահ չասացիք, որ իշխանությունը շեղվել է Ձեր մատնանշած ճգնաժամի տրամաբանությունից։ Թե՞ այդ ժամանակ շահերի բախում չկար։ Կամ հարց է առաջանում. եթե այդքան ճգնաժամային էր իրավիճակը, ինչո՞ւ էիք մեկ տարուց ավելի պայքարում ճգնաժամի մի մասնիկը դառնալու կամ որ նույնն է՝ ՍԴ դատավոր դառնալու համար։ Մի՞թե չգիտեիք, որ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է և որոշումներ է կայացնում կոլեգիալ կարգով, և դառնալով ՍԴ դատավոր` դառնալու եք մի մասը դատարանի։ Ինչո՞ւ չասացիք, որ չեք ընտրվի, մինչև ճգնաժամը չհաղթահարվի։ Ինչո՞ւ հարցին, թե արդյոք աշխատելո՞ւ եք Հրայր Թովմասյանի հետ, պատասխանեցիք մոտավորապես, որ իրավունք չունեք չաշխատել նրա հետ։ Բա չէիք հիշո՞ւմ ճգնաժամի մասին։ Կամ ինչո՞ւ ԱԺ-ին, նախքան Ձեր ընտրվելը, մի բերան չասացիք Ձեր նկատած «ճգնաժամի» և դրա պատճառով չաշխատելու հնարավորության մասին։ Գուցե այլ մարդ էին գտնում, ով կարող էր ճգնաժամային պայմաններում աշխատել։ Վստա՞հ եք, որ չեք խաբել Ձեզ ընտրող մարմնին։ Ի վերջո, նրանք հույս ունեին, որ ունենալու են իրենց մարդուն, ով գոնե իրենց համար ճակատագրական դիմումների քննությանը կմասնակցի և եղանակ կփոխի։ Իսկ Դուք չմասնակցեցիք նույնիսկ Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քննարկմանը։ Լավ, կամ ասենք` ընտրվեցիք, բա իրավաբան մարդ եք, չգիտե՞ք, որ անաշխատ եկամուտը կամ առանց աշխատելու` «պադավատ» ունենալը վատ բան է։ Կամ Ձեր տրամաբանությամբ` եթե չկա մարմին, որեմն չկա նաև այդ մարմնին հատկացված օրինական աշխատավարձ։ 3.Սահմանադրական մարմիններից ավելի Սահմանադրական Հարգելի' Վահե, ըստ Ձեզ` Հայաստանում քանի՞ սահմանադրական մարմին կա։ Դատելով Ձեր խոսքերից` կարելի է ենթադրել, որ ի դեմս Ձեզ` դրանք հինգն են։ Խոսենք ավելի պարզ։ Եթե Սահմանադրական մարմինները դիմումներ են ներկայացնում Սահմանադրական դատարան, կատարում Սահմանադրական դատարանի որոշումները, չեն շարժվում Ձեր մատնանշած ճանապարհով և նոր դատավորներ ընտրում, արդյոք Դո՞ւք եք այն մարդը, որ պիտի սեփական անձին վերապահի ճգնաժամ գնահատողի և լուծողի դերը։ Արդյոք սա անարգանք չէ՞ այդ մարմինների նկատմամբ։ Միգուցե պետք է միանգամից մտածել ՍԴ-ի փոխարեն Վահե Գրիգորյանի անվամբ Սահմանադրական դատարան/մարմին ստեղծելու մասի՞ն։ Հարգելի' Վահե, Ձեր նպատակը ճգնաժամը ճիշտ ախտորոշելը և լուծելը չէ, խնդիրը ոչ էլ ԱԺ նախագծի թերի լինելն է, այլ այն, որ այդ նախագիծը չէր լուծելու սեփական ամբիցիաների իրականացման հարցը, նախագծի լավ ավարտով ո'չ Ձեր անձն էր դառնալու ՍԴ «ճգնաժամը» լուծողը, ո'չ էլ Դուք էիք դառնալու ՍԴ նախագահ։ Ի վերջո, Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե այլ անձ Հրայր Թովմասյա՞նն է ՍԴ նախագահը, թե՞ Պողոսը։ Ահա, թե որտեղ է թաքնված շան գլուխը, հարգելի' Վահե Գրիգորյան։

Նմանատիպ նյութեր