211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:20 15-10-2019

Առողջապահության փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է համաժողովի

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով համաժողովին: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, երկրների ներկայացուցիչները կիսվել են առողջապահության քաղաքականության բարելավման իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված խնդիրները: Հայաստանը ԱՀԿ տեխնիկական աջակցությամբ մշակել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի իր ծրագիրը: Համաժողովին ներկայացվել է Հայաստանի կառավարության փորձը` ներդրման գործիքները կիրառելու, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջընթացի գործում: Ոչ վարակիչ հիվանդությունները համաշխարհային խնդիր են` առողջապահական և տնտեսական մեծ բեռով: Ուստի, ընդգծվել է առաջիկա տարիներին դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը: Միաժամանակ, փոխնախարարը մասնակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն օժանդակող Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ձեռք բերված երրորդ շարժական կլինիկայի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի մերձակա հրապարակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ ֆինանսների փոխնախարար Ս.Ստորչակը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Վ.Սմոլենսկին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Շ.Հեյդերը և տարածաշրջանային տնօրեն Վ.Սալդանան, ՍՊԻԴ-Ինֆոսվյազ հիմնադրամի տնօրեն Ե.Պյորիշկինան և այլոք: «Նախկինում ոչ բոլոր կարիք ունեցողներին էին հասանելի ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները: Նախորդ երկու շարժական կլինիկաները հնարավորություն տվեցին հայտնաբերելու ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ավելի շատ դեպքեր, հազարավոր մարդկանց տրամադրելու տեղեկատվություն և ստեղծելու հնարավորություն տեղերում անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ: Վստահաբար այս կլինիկան հաջողությամբ և արդյունավետությամբ կօգնի Հայաստանում վարակիչ հիվանդություններին հակազդման գործում»,- շնորհակալական խոսքում նշել է Լենա Նանուշյանը:

Նմանատիպ նյութեր