211652_close_icon
views-count2262 դիտում article-date 10:52 12-10-2019

Հայերիս ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է․ պարզապես դրա մասին պետք է ավելի հաճախ հիշել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ տասնամյակում, երբ իշխանության էր իրեն նժդեհական համարող ՀՀԿ-ն, մեր ազգային հերոսներից մեկի անունն, իմ կարծիքով, չափից դուրս շատ էր հնչում պաշտոնական շրջանակներում: Ինչպես հայտնի է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. երբ րոպեն մեկ ուղեղդ սղոցում են որևէ (անգամ շատ արժանավոր մարդու) անունով, ակամա առաջանում է հակառակ ռեակցիան՝ «դե, լավ էլի, սպանեցիք-թողեցիք»: Նման ընկալում ունեն հատկապես իմ սերնդի մարդիկ, որոնց ուղեղը կյանքի առաջին 20-25 տարում սղոցում էին Լենինի անունով, իսկ «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» բազմաթիվ հատորներում տեղ գտած մտքերը ներկայացվում էին որպես վերին ատյանի ճշմարտություն: Գարեգին Նժդեհը մեր ազգի լավագույն զավակներից մեկն է, բայց նրա գրածներն ամենևին էլ Աստվածաշունչ չեն, իսկ «ներքին թուրքի» մասին հայտնի աֆորիզմից, ինձ թվում է, պարանոյայի հոտ է գալիս: Բայց նախորդ իշխանությունը միանգամայն ճիշտ է վարվել՝ կանգնեցնելով Գարեգին Նժդեհի արձանը: Հենց երեկ առիթ եմ ունեցել անցնելու Նժդեհի արձանից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան (կոմունիստներն էլ, իրենց հերթին ճիշտ էին վարվել՝ այդ արձանը դնելով) և մտածելու, թե որքան ճիշտ էին վարվում մեր հերոսները, երբ որոշում էին կայացնում փոքրաթիվ նվիրյալներով դիմակայել հակառակորդի մեծաքանակ զորքին: Կարելի է հեգնանքով խոսել «բարոյական հաղթանակների» մասին, բայց ո՞րն է դրա այլընտրանքը՝ համբերատար սպասել, մինչև քեզ մորթե՞ն: Ներկայիս վարչապետն էլ ԱՊՀ գագաթաժողովում ճշգրտորեն էր ներկայացրել Նժդեհի հետ կապված պատմական իրողությունները՝ ի հակադրություն Իլհամ Ալիևի քարոզչական ֆանտազիաների: Հատկապես ինձ համար գնահատելի էր այն միտքը, որ խորհրդային ռեժիմի ռեպրեսիաները բացարձակապես չի կարելի օգտագործել որպես որևէ մարդու կյանքն ու գործը վարկաբեկելու «փաստարկ»: Եվ քանի որ Փաշինյանի այդ մեկնաբանությունը հավանել են բոլորը՝ անկախ իրենց, այսպես ասած, «ներքաղաքական համոզմունքներից», դա առիթ է տալիս ինձ մտածելու, որ մեզ՝ հայերիս, ավելի շատ բան է միավորում, քան բաժանում է: Պարզապես դրա մասին պետք է ավելի հաճախ հիշել, և ոչ միայն էքստրեմալ վիճակներում, այլև առօրյա կյանքում՝ այդ թվում նաև «վիրտուալ բանավեճերի» ժամանակ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր