211652_close_icon
views-count6604 դիտում article-date 09:25 12-10-2019

Միացյալ Նահանգները պատրաստվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները պատրաստվում է անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում անցկացվող գործողություններում ներգրավված բոլոր թուրք պաշտոնյաների նկատմամբ, ովքեր քաղաքացիական անձանց կյանքը վտանգի տակ կդնեն, ուրբաթ Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը. «Նախագահն այսօր գործադիր հրաման է ստորագրել, որը Ֆինանսների նախարարությանը թույլ կտա ծանրագույն նոր պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի կառավարության կամ դրա հետ կապված ցանկացած անձի նկատմամբ: Նախագահը մտահոգված է ընթացող ռազմական գրոհով, որը հնարավոր է սպառնա քաղաքացիական անձանց, էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններին»: Մնուչինի խոսքով, անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները «կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը»: Նախագահ Թրամփը, ում մեղադրում են դաշնակից քրդերին լքելու մեջ, վերահաստատեց դիրքորոշումը. «Ընտրությունը հետևյալն է՝ զորքեր մտցնել և բոլորին կրկին հաղթել կամ ֆինանսական միջոցներով ուժեղ քաղաքականություն վարել: Մենք կարող ենք նաև միջնորդի դեր ստանձնել»: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Թրամփի որոշումն անպատասխանատու է բնորոշում: «Նախագահը սպառնացել էր «ամբողջությամբ ոչնչացնել» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրանք անցնեն սահմանափակումները: Սպառնալիքը որևէ ազդեցություն սակայն չունեցավ և նախագահն ինքը մոռացել է արդեն դրա մասին», - նշում է Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը: Իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, ում կարծիքով, ռազմական գործողությունները լուրջ վտանգներ են պարունակում: Թուրքական կողմն իր հերթին պնդում է, որ Անկարայի նպատակը ոչ թե քրդերին այդ տարածքներից հանելն է այլ՝ ահաբեկչության դեմ պայքարը: «Մեզ չի հետաքրքրում, թե ինչ ազգության կամ հավատքին է պատկանում այդ ահաբեկչական կազմակերպությունը, պարզապես վերացնում ենք վտանգը Թուրքիայի համար», - նշում է Բահչեսեհիրի համալսարանի պրոֆեսոր Բուրաք Քունթայը: Թուրքիայի հետ համաձայն չեն սակայն քրիստոնյաների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները: Վաշինգտոնում գտնվող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Բըրնսի խոսքով, նրանք տեղեկություններ ունեն, որ թուրքական կողմն օգտագործում է նաև իսլամիստական որոշ ուժեր Սիրիայի սահմանային շրջաններում իր գործողություններում, որոնք լուրջ սպառնալիք են տեղի խոցելի քրիստոնյա համայնքների համար. «Մենք հայտնում ենք ԱՄՆ-ի վարչակազմին, որ արդեն իսկ տեսնում ենք, ինչպես են հատուկ թիրախավորվում քրիստոնյա համայնքները և կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել»: Սիրիայի հայ ավետարանչական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը [url=https://www.amerikayidzayn.com/a/5120575.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի գործողություններն արդեն իսկ վտանգել են մի քանի տասնյակ հայ ընտանիքների կյանքը. «Այդ շրջաններում մենք ունենք բավական մեծ, տասնամյակներ առաջ, Ցեղասպանությունից հետո հաստատված հայեր: Դժբախտաբար, այսօր կրկին երկրորդ Սփյուռք են դառնում»:

Նմանատիպ նյութեր