211652_close_icon
views-count3492 դիտում article-date 23:15 11-10-2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Առանց Հենրիխի կհամախմբվենք ու լավ ֆուտբոլ կցուցադրենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Հենրիխ Մխիթարյանի ու Կամո Հովհաննիսյանի բացակայության մասին «Բացակայելու է նաև Կառլեն Մկրտչյանը։ Հարցականի տակ է նաև Արտակ Գրիգորյանի մասնակցությունը։ Մեր թիմի ավագն ու առաջնորդը, մեր գոլահարն ու ֆուտբոլային ուղեղը բացակայելու է։ Հենրիխի հետ մենք ավելի վստահ ու համարձակ ենք խաղում, բայց ես վստահ եմ, որ կհամախմբվենք ու լավ ֆուտբոլ կցուցադրենք, քանի որ բարդ հանդիպում է սպասվում։ Պետք է ուշադիր լինենք»։ Լիխտենշտեյնին չթերագնահատելու և Ֆինլանդիայի դեմ խաղի համար էներգիա պահելու մասին «Կցանկանանք քիչ ուժեր ծախսել ու խնայել, բայց հիմա կենտրոնացած ենք Լիխտենշտեյնի դեմ խաղում լավ արդյունք գրանցելու վրա»։ Ձախ եզրը փակելու մասին «Դեռ վերջնական որոշում չենք կայացրել, թե ով է խաղալու ձախ եզրում։ Մի քանի փոքր վնասվածքներ կան։ Վաղը վերջնական որոշում կկայացնենք»։ Սարգիս Ադամյանի մասին Իտալիայի դեմ խաղում Սարգիսը փոխարինման մտավ ու լավ տպավորություն թողեց։ Նույնը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում եղավ։ Ազգովի ուրախացանք Սարգիսի հաջողություններով։ Ամբողջ հավաքականով շնորհավորեցինք նրան։ Վստահ եմ՝ նա ևս նույն ոգևորությամբ կխաղա։ Սարգիսն ունի առաջնորդի հատկանիշներ։ Մարկոսի մասին Չեմ կարող ասել՝ ի վիճակի կլինի Մարկոսը ամբողջական հանդիպում անցկացնել։ Դեռ երկու մարզում ենք անցկացրել, երկուսն էլ վերականգնողական բնույթի։ Տեսնում ենք, որ նա լավ մարզավիճակում է, ու կարծում եմ՝ Մարկոսի փորձը ևս կարող է մեզ օգնել։ Գոռ Մալաքյանի մասին Գոռը արդեն մեկ ամիս է, ինչ լավ մարզավիճակում է։ Վստահ եմ, որ Մալաքյանը մեծ օգուտ կտա հավաքականին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր