211652_close_icon
views-count1508 դիտում article-date 22:44 10-10-2019

ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայի դեմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարությամբ դատապարտել է Թուրքիայի պատերազմական գործողությունները Սիրիայի դեմ։ Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյից, հայտարարության մեջ նշված է. «Հերթական անգամ ոտնահարելով պետությունների և ժողովուրդների միջազգայնորեն ամրագրված իրավունքները, Թուրքիան բացահայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հյուսիս - արևելքում: Ենթադրյալ անվտանգության գոտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականությունը, այլև այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնության, ինչպես նաև ազգային և կրոնական տարբեր փոքրամասնությունների, այդ թվում` հայերի անվտանգությունը և միտված է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն: Երկար ժամանակ հովանավորելով Սիրիայում գործող ծայրահեղականներին, Թուրքիան, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, այսօր ստեղծում է ռազմական գործողությունների նոր սրացման, ջարդերի և տեղահանության, ահաբեկչական կազմակերպությունների վերաշխուժացման և մարդասիրական աղետի նոր վտանգ: Մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Սիրիայում հաշտության և խաղաղության մթնոլորտի ձևավորման, ներքին թնջուկների հաղթահարման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առավել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մեջ ներգրավված ուժերի և կազմակերպությունների անհամարժեք արձագանքը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետության նոր հանցավոր գործողություններին: Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն` դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողությունները ինքնիշխան պետության դեմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնության և ազգային փոքրամասնությունների դեմ. պատրաստակամություն է հայտնում օժանդակելու ռազմական գործողությունների անմիջական գոտում հայտնված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակությունների հարցերում. զորակցություն է հայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրավված տերությունների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ»:

Նմանատիպ նյութեր