211652_close_icon
views-count2452 դիտում article-date 18:46 10-10-2019

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 13 200 եվրո վճարել ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթևոսյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Նշվում է, որ գործը վերաբերում է 1960 թվականին ծնված Երևանի բնակիչ Դավիթ Մաթևոսյանին, որը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու արդյունքում։ Ոստիկանության աշխատակիցներ Հ. Կ.-ի և Է.Կ.-ի կողմից կազմված «Դավիթ Մաթևոսյանի ձերբակալման մասին արձանագրության» համաձայն՝ Մաթևոսյանն Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 8.50-ին՝ ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ոստիկանության աշխատակիցները ոստիկանության բաժանմունքի պետին գրավոր հայտնել էին, որ Դավիթ Մաթևոսյանը «բերման է ենթարկվել» դիմադրություն ցույց տալու, իրենց հրելու և օրինական հրամաններին չենթարկվելու համար: Մաթևոսյանը հարցաքննվել և հերքել էր ոստիկանության աշխատակիցների՝ դիմադրություն և անհնազանդություն ցույց տալու մեղադրանքները: Երկու ոստիկանների ցուցմունքների արդյունքում Մաթևոսյանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, որից հետո Մաթևոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մաթևոսյանի բողոքի համաձայն՝ ինքը չի ունեցել արդար դատավարություն, քանի որ խախտվել է իր՝ գործով վկաների և իրեն ձերբակալելու պահին նրա հետ եղած անձանց լսելու իրավունքը, որոնք կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի պնդումը։ Եվրոպական դատարանը, անդրադառնալով հետևյալ հարցերի շրջանակին՝ 1. երաշխավորվե՞լ է արդյոք դիմողի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը, 2. դիմողի նկատմամբ մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են արդյոք միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին, 3. դիմողի հետապնդումը և դատապարտումը չի՞ եղել արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա, եզրակացրել է, որ. 1. Տեղի է ունեցել դիմումատուի գործով դատաքննության արդարության վերաբերյալ Մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (արդար դատավարության իրավունք), 2. Տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդված խախտում (խաղաղ հավաքների անցկացման իրավունք): Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամիսների ընթացքում դիմումատուին վճարի 13 200 եվրո՝ կրած բարոյական վնասի համար

Նմանատիպ նյութեր