211652_close_icon
views-count989 դիտում article-date 11:48 10-10-2019

Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները կենտրոնացրել է ինքնասպանությունների կանխարգելմանը։ Հոգեկան առողջության ոլորտը զգայուն է: Այն վերաբերում է մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ են հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվում խարանի: Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել նրանց մասին, հասկանալ նրանց և օգնել ապրելու լիարժեք կյանքով։ Ցավոք, հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Առկա չէ հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն, չի գործում պատշաճ վերահսկողություն, բացակայում են համայնքահեն անհրաժեշտ ծառայությունները կամ դրանք գործում են թերություններով, անընդունելի պայմաններ են հոգեբուժարաններում և այլն: Լիարժեք գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների աշխատանքը: Բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակը, ինչպես նաև նրանց ոչ բավարար քանակն անմիջականորեն ազդում են մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա: Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը: Միայն սիրով ու ուշադրությամբ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները։

Նմանատիպ նյութեր