211652_close_icon
views-count1774 դիտում article-date 10:23 10-10-2019

Ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները հոկտեմբերի 14-ից իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն- վարչությունում: Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, կամ եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Սա վերաբերում է միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաներին, սակայն չի վերաբերում բեռնարկղերով տեղափոխ վող ավտոմեքենաներին: ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբում ներառված են մինչև 10 մարդ տեղափոխելու համար նախատեսված մարդատար (այդ թվում` բեռնամարդատար) տրանսպորտային միջոցները: Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով: Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: [b]Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր