հիմնական կայք
Լրահոս

Ինչո՞ւ են բնակարանների գները բարձրանում․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են բնակարանների գները բարձրանում․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի 15 հազար 507 գործարք է կատարվել, մինչդեռ հուլիսին դրանք 16 հազար 73-ն են եղել: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում գործարքների քանակը պակասել է 566-ով: Երկրում, սակայն, բնակարանների գները օր-օրի կտրուկ բարձրանում են:


Օրինակ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրի գինը օգոստոսին արժեցել է 612 հազար դրամ, հուլիսին մայրաքաղաքի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 605 հազար դրամով: Համաձայնեք, որ խիստ կասկածելի ու ուշադրության արժանի է, որ մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ի գինը 7000 դրամով բարձրացել է: Պահանջարկ-առաջարկ տնտեսագիտական հայտնի կանոնը պարզապես չի գործում: Ինչո՞ւ, ո՞վ է այս շուկան տանում լճացման` արհեստական գներ «կրակելով» ու գործարքները զրոյացնելով: Ինչպե՞ս է վերահսկվում այս շարժը:

Վարչապետ Փաշինյանը վերջերս հորդորում էր ամերիկահայերին` հայրենիք ընդմիշտ չտեղափոխվելու դեպքում գոնե տուն գնեն Հայաստանում, տուն ունենան հայրենիքում: Ուշագրավ է, որ անգամ այս հայտարարությունից հետո գների կայուն աճը շարունակվում է։ Սաբոտա՞ժ է…

Հայտնի է` բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր-վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները: Այլ կերպ ասած` բրոքերներն են տնօրինում մարդկանց գույքը և որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն: Եթե այս տարվա հուլիսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 305 հազար դրամով, մեկ ամիս անց` օգոստոսին, այն 309 հազար 500 դրամ է դարձել:

Իսկ, ահա, անցած տարվա օգոստոսին այս վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն կազմել է 279 հազար 200 դրամ: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 30 հազար 300 դրամ թանկացում է եղել: Արձանագրենք, որ թանկացումն արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Գների բարձրացման կորի ու գործարքների անկման պատկերի նկարագիրը գրեթե նույնն է նաև մարզերում: Եվ հարց է առաջանում` մինչև ուր է գնալու այս բարձիթողի վիճակը, որտեղ է սահմանագիծը: Ո՞վ է ի վերջո բրոքերների թիկունքից նրանց շնորհում այդ «մենաշնորհը»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք