հիմնական կայք
Լրահոս

ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը

ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 9-ին քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը:


Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը:

Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:

Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ:

Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները:

Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին:

Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք