հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. զրուցարանում նստած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. զրուցարանում նստած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 GR 295 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ուռենուն և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել «Հայկական խոհանոց» անունը կրող շինության փայտե պարսպին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Հայկական խոհանոց»-ի տարածքի բացօթյա զրուցարանում (беседка) նստած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է« Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Կյանքի գյուղապետը։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հայկական խոհանոց»-ի աշխատակիցները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածաներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդն էլ ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ բեռնատար, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։

Ոստիկանությունը պարզում է՝ վարորդի հայտնած տեղեկությունը, արդյո՞ք, համապատասխանում է իրականությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք