հիմնական կայք
Լրահոս

Ակնհայտ հովանավորչություն. նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի մեծածավալ արտագրությունները կուրսայինների կայքերից և լրատվական հոդվածներից` «որոշ համընկնումներ» անհեթեթ որակմամբ

Ակնհայտ հովանավորչություն. նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի մեծածավալ արտագրությունները կուրսայինների կայքերից և լրատվական հոդվածներից` «որոշ համընկնումներ» անհեթեթ որակմամբ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դիանա Գալոյանի ակնհայտ արտագրությունների առաջին դեպքերը կոծկելու նպատակով, նախարար Արայիկ Հարությունյանը որոշել էր այս անգամ ստուգել դրանց «ազդեցությունը բովանդակության վրա»՝ դրանով իսկ արդեն ապացուցելով, որ կեղծ էին իր այն պնդումները, թե գրագողությունն իր համար անընդունելի է։ Ընդ որում, Ռուբեն Հայրապետյանին «գրագողության» մեջ մեղադրելիս փորձ անգամ չի արվել աշխատանքի բովանդակությունը գնահատել, որովհետև պարզ է, որ դա «ստուգողներին» ձեռնտու չէ։


Ինչպես և սպասվում էր, նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլորին ապացուցեց Դիանա Գալոյանի նկատմամբ հովանավորչության փաստը, որը սակայն շատ կարճ կյանք է ունենալու, որովհետև բոլոր արտագրությունները շրջանառվելու են հավերժ և բոլոր հարթակներում։

Հիմա եզրակացության մասին: Բոլորիդ խնդրում ենք 5 րոպե ժամանակ հատկացնել և սեփական աչքերով համոզվել, թե ինչ ակնառու դեպքերի վերաբերյալ է ներկայացվել այս շինծու եզրակացությունը։

1. Գիտական հոդվածի ուղիղ մեկ-երրորդը բառ առ բառ արտագրված է ուսանողի կուրսային աշխատանքից, սակայն հրահանգավորված հանձնաժողովը նշում է, որ «առկա են որոշ համընկնումներ»։

2. Մյուս գիտական աշխատանքում գրականության ցանկն ամբողջությամբ հորինված է և որևէ կապ չունի աշխատանքի հետ, սակայն «հանձնաժողովը» նշում է, որ առկա են որոշ «տեխնիկական թերություններ»։

3. Այս տեսակի խայտառակ դեպքերի մասին «հանձնաժողովը» եզրակացրել է, թե «հրապարակումների բովանդակային արժեքի վրա ազդեցություն չեն ունեցել»։ Հարց է առաջանում՝ մեկ-երրորդի փոխարեն 100%-ը՞ պիտի արտագրված լիներ, որ ունենար։ Չեք հավատա, բայց այդպիսի դեպք ևս արդեն բացահայտվել է, որը կարող ենք հրապարակել:

Այս օրերի ընթացքում ներկայացրել ենք արտագրությունների նոր դեպքեր, որոնցից մեկը իսկական գլուխգործոց էր, «BlogNews» լրատվական կայքի սիրողական հոդվածը ծայրից ծայր արտագրված էր Դիանա Գալոյանի մենագրությունում, որը ներկայացրել էր պրոֆեսորի կոչման համար։ Երևի այս «հանձնաժողովի» համար դա ևս «որոշ համընկնում» կհամարվի։ Նման դեպքերը դեռևս շատ են, ու ոչ ոք թող հույս չունենա, որ այսպիսի պրիմիտիվ քայլերով ու պատվիրված հանձնաժողովներով լղոզվելու են տառացի արտագրությունների տասնյակ դեպքերը։

Հիշեցնենք նաև, որ Ռ. Հայրապետյանի ատենախոսության խնդիրների մասին խոսելիս նախարարը, ով քաջատեղյակ է, թե ովքեր են իր անմիջական շրջապատում և ինչ որակի գիտական աշխատանքներ ունեն, անգամ հանձնաժողովի եզրակացությանը չէր սպասել և երկու օր առաջ պահանջել էր, որ պարոն Հայրապետյանը ազատման դիմում ներկայացնի:

Պարո’ն նախարար, Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարդիկ աչքեր չունեն և այս պատվիրված եզրակացությունը «մածունը սև է դարձնելու»: Պարո’ն Գոգյան, մոռացա՞ք Ձեր այդ հայտնի արտահայտությունը: Այս դեպքում Ձեզ համար մածունը սև՞ դարձավ: Հավատացե’ք, ինքներդ Ձեզ եք հեղինակազրկում:

Հ.Գ. Մեզ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն է հասնում, որ որոշումը կայացվել է, և Դ. Գալոյանը չի շարունակելու պաշտոնավարել, որովհետև ամեն ինչ չափազանց ակնհայտ է, իսկ հանձնաժողովի լղոզված եզրակացությունը նրան չվնասելու համար է արվել, ի տարբերություն պարոն Հայրապետյանի դեպքի, ում պետք էր վնասել և խաղալ նրա անվան հետ: Սակայն, անկախ դրանից, մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և որակյալ կրթության:

Ուսանողների և շրջանավարտների կողմից բացահայտված դեպքերը ներկայացված են ստորև ՝

դեպք 1,2,3,՝ https://www.facebook.com/studentsforquality...111732633534214
դեպք 4,5՝ https://www.facebook.com/studentsforquality...114857956555015
դեպք 6,7 ՝ https://www.facebook.com/studentsforquality...130781118296032
դեպք 8 ՝ https://www.facebook.com/studentsforquality...133065798067564

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք