հիմնական կայք
Լրահոս

WCIT-ի անցկացումը կարևոր իրադարձություն է մեզ համար` անգամ առանց «աստղային հավելվածի»․ «Առավոտ»

WCIT-ի անցկացումը կարևոր իրադարձություն է մեզ համար` անգամ առանց «աստղային հավելվածի»․ «Առավոտ» «Հասկանալի պատճառներով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) ամենակենտրոնական իրադարձությունն է համարվում Քիմ Քարդաշյանի ներկայությունը: Դա շատերի մոտ նյարդային ռեակցիա է առաջաց­նում: Պարզ է, որ Քիմը տեղեկատվական տեխնո­լոգիաների աշխարհում լավագույն մասնագետների թվին չի պատկանում: Ես կդժվարանայի նրան ընդհանրապես որևէ բանի մասնագետ անվանել, նա պարզապես աշխարհում և հատկապես Միաց­յալ նահանգներում շատ մեծ ժողովրդականություն վայելող անձնավորություն է:


Թե ինչու է այս կամ այն մարդը ժողովրդականություն վայելում՝ դա եր­կար պատմություն է, որը պետք է պատմեն PR-ի տեխնոլոգիաների վարպետները: Բայց Քիմ Քար­դաշյանի ժողովրդականությանը մենք` հայերս, պետք է պրագմատիկ մոտենանք, հայկական ար­մատներ ունեցող համաշխարհային աստղն արդեն երկրորդ անգամ գալիս է մեր երկիր, որի հանդեպ ջերմ դրական վերաբերմունք է արտահայտում:Նա փաստորեն գովազդում է Հայաստանը` աշխարհում իր 150 միլիոն երկրպագուների համար, և դրա համար մենք պետք է միայն շնորհակալ լինենք այդ կնոջը: Նույնն անում են ավելի էական ոլորտ­ներում իրենց տաղանդները ցուցաբերած Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը, որոնք նույնպես մասնակցում են WCIT-ին:

Բայց WCIT -ին և դրա անցկացումը Երևանում կարևոր իրադարձություն է մեզ համար` անգամ առանց «աստղային հավելվածի»: Դա, իմ ընկալմամբ, ոչ այնքան IT-ի արտադրանքի տոնավա­ճառ է և բիզնես կապեր հաստատելու միջոցա­ռում, որքան ապագայի վերաբերյալ գաղափարնե­րի քննարկման հարթակ:

Հաշվի առնելով, թե ինչպես է տեխնոլոգիաների ազդեցության տակ փոխվել աշխարհը վերջին 20 տարվա ընթացքում և ինչ քաղաքական, սոցիալական և հոգեբանա­կան փոփոխությունների է դա բերել, ոլորտին մոտ և նույնիսկ ոչ այնքան մոտ կանգնած հայտնի մարդիկ փորձում են կանխատեսել, թե ինչ է տե­ղի ունենալու մոտակա 20 տարիների ընթացքում: Կարևոր է, կասեի անգամ՝ նշանակալից է, որ այդ խնդիրները քննարկվում են Հայաստանում՝ մի երկ­րում, որտեղ մի կողմից՝ զարգացած է ՏՏ ոլորտը, իսկ մյուս կողմից՝ հազարամյակների պատմություն ունի և գտնվում է արևմտյան և արևելյան քաղա­քակրթությունների սահմանագծին։

Որ աշխարհը կանգնած է լուրջ, արմատական փոփոխությունների շեմին, ես չեմ կասկածում: Որքանով են դրանք լինելու «թավշյա», դժվար է ասել: Այստեղ տեղին է մեջբերել վարչապետ Փաշինյանի միտքը, որը նա հայտնել էր WCIT-ի բացման արարողության ժամանակ: Ըստ նրա, բարձր տեխնոլոգիաները պետք է աշխարհը դարձնեն «ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող»: Հրաշալի է ասված: Արդյոք Հայաստանի իշխանությունն իր գործնական քայլերով նպաստո՞ւմ է, մեր երկրում կձևավորվի՞ հենց այդպիսի մթնոլորտ՝ դա էլ է հարց»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք