211652_close_icon
views-count2149 դիտում article-date 22:34 08-10-2019

Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր գրքի երևանյան շնորհանդեսին

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի: «[url=https://armenpress.am/arm/news/990974.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին: Միջոցառմանը ներկա էր հեղինակը, ով պատասխանեց լրագրողների հարցերին և հաղորդակցվեց ընթերցողների հետ: «Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Կարծեցի, որ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է»,-նշեց Օհանյանը: Նրա խոսքով` իբրև ձեռնարկատեր և գործատու, կցանկանար` իր աշխատակիցները կիրառեն այն ամենը, ինչի մասին խոսվում է գրքում, քանի որ դա բարձրացնում է ոչ միայն նրանց արտադրողականության արդյունավետությունը, այլև աշխատանքային երկարատևություն է ապահովում: «Այս նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց իմ ծրագրերն իրականացրեցի` առանց թույլտվության: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով այլոց թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին»,-շեշտեց Ալեքսիս Օհանյանն ու խոստովանեց, որ, այնուամենայնիվ, իր համար այնքան էլ դյուրին չէր գիրք գրելը: «Ես մեկ շաբաթ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից և հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում գրեցի գրքի մեծ մասը»,-պատմեց նա: Գործարարն ասաց, որ համացանցի հնարավորություններից իրեն հատկապես մոտիվացնում է այն, որ եթե մի երիտասարդ ունի հրաշալի մտահաղացում, կարող է անվճար ու արագ դրանով կիսվել աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հետ: «Դա ինձ հիացնում է ու ոգեշնչում»,-եզրափակեց Օհանյանը: Գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը շեշտեց, որ գրքում իրական հերոսներ են և իրական պատմություններ: «Հիմնականում անդրադարձ է արվում ձեռնարկատերերին և ստարտափներին, սակայն նախաձեռնողականությունը միայն ձեռնարկատերերին չէ բնորոշ: Հերոսներից մեկը մի ուսուցիչ է, որը ներդրում ունեցավ տորնադոյի հետևանքով ավերված դպրոցների վերակառուցման գործում. նա բացեց համակարգիչն ու համացանցի օգնությամբ գումար հավաքեց այդ դպրոցները նորոգելու, կահավորելու համար: Մյուս հերոսը հաշմանդամություն ունեցող մի երիտասարդ է, որն առցանց տիրույթում մոռանում է իր սահմանափակումների մասին: Խոսվում է նաև երիտասարդների մի խմբի մասին, որոնք դեմ էին համացանցի ազատության սահմանափակմանը: Միավորվելով` նրանք հենց համացանցի օգնությամբ կարողանում են պայքարել համացանցի սահմանափակումներին վերաբերող օրինագծերի դեմ»,-պատմեց Միրզոյանը: Գիրքը հեղինակային բացառիկ իրավունքով հայերեն է թարգմանել «Կարապ» ընկերությունը:

Նմանատիպ նյութեր