211652_close_icon
views-count3645 դիտում article-date 10:02 08-10-2019

Առանց ազատման հրամանի՝ ստիպում են ազատել աշխատասենյակը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր խմբագրություն էին զանգահարել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ, սոցիալական բաժնի առաջին կարգի մասնագետ, համայնքային ծառայող Հասմիկ Իսահակյանն ու առաջատար մասնագետ Անի Ալեքսանյանը: Նրանք բողոքում էին իրենց նկատմամբ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կատարած, իրենց խոսքով, ապօրինի գործողություններից: Աշխատակիցները նշում են, որ ս/թ սեպտեմբերի 30-ին իրենք ծանուցագիր են ստացել, որ, ըստ կարգի, նախապես երկու ամիս առաջ տեղեկացվելով՝ իրենք դեկտեմբերի 2-ից աշխատանքից ազատված են: «Մինչ այդ գիտեինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ցուցակներ են ուղարկել, կրճատումներ են լինելու, հարմարվել էինք, որոշել փնտրել նոր աշխատանք»,- խնդիրը ներկայացրին Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները: Նրանք նշում են, սակայն, որ ծանուցման մեջ իրենք նկատել են օրենքի բազմաթիվ խախտումներ և, խորհրդակցելով իրավաբանների հետ՝ որոշել են չստորագրել դրանք: «Ըստ օրենքի՝ ծանուցագրի մեջ գործատուն պետք է անպայման կրճատվող մասնագետին առաջարկի այլ աշխատանք՝ համարժեք վարձատրությամբ, կամ նշի, որ չունի համապատասխան հաստիք ու չի կարող կատարել օրենքի այդ պահանջը»,- ծանուցագրում տեղ գտած խախտումներից օրինակ են ներկայացնում կրճատվող աշխատակիցները ու նշում, որ քանի որ իրենք չեն ստորագրել ծանուցումը, վարչական շրջանի ղեկավարը չի կարողանում իրենց ազատման հրամանները տալ: Նրանք ասում են, որ այն աշխատակիցները, ովքեր անտեսելով օրենքի խախտումը՝ այնուամենայնիվ, ստորագրել են ծանուցագիրը, աշխատանքից ազատվել են ոչ թե դեկտեմբերի 2-ի ամսաթվով, ինչպես ասված էր, այլ հոկտեմբերի 2-ի, և որպես փոխհատուցում, որ իրենք 2 ամիս շուտ են ազատվել, նրանց խոստացվել է վճարել այդ երկու ամսվա աշխատավարձը, ինչը, պնդում են վարչական շրջանի աշխատակիցները, նույնպես օրենքի խախտում է: «Իսկ մեզ, որ այդ ծանուցագիրը չէինք ստորագրել, ըստ էության չեն կարողանում ազատել աշխատանքից, և դրա համար էլ այսօր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ապօրինի կերպով մարդ է ուղարկում մեր բաժին ու ասում, որ մենք հանձնենք գույքն ու ազատենք սենյակը: Պատճառաբանում են, որ ՏԿԵ նախարարությունից պահանջում են արագացնել գործընթացը»,- ասում են խմբագրություն ահազանգած համայնքապետարանի աշխատակիցները: Վերջիններս նշում են, որ իրենք հանձնել են ծանուցագրերը կադրերի բաժին, որոնց վրա գրել են, որ համաձայն չեն ծանուցման հետ ու չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում: «Սեպտեմբերի 30-ից ի վեր տարբեր խողովակներով Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին խնդրում ենք երկու րոպեով ընդունել մեզ: Ցանկանում էինք խոսել, բացատրել, որ սխալ ծանուցում են տվել մեզ, բայց այդպես էլ մինչ օրս չի ընդունել մեզ. Ժամանակ չունի: Բոլորի համար ունի, մեզ համար՝ ոչ»,- ասացին աշխատակիցները: Նրանք հավելում են, որ անպայման դիմելու են դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: «Հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստ է լինելու: Իրենք էլ են տեղյակ խնդրից: Եթե, այնուամենայնիվ, դրանից հետո էլ, առանց մեր ստորագրելու՝ ազատման հրաման տան, կփորձենք դատարանում լուծել այդ հարցը»,- եզրափակեցին նրանք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր