հիմնական կայք
Լրահոս

ՏՏ հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա օրինական ճանապարհով գումար աշխատել. «Ժողովուրդ»

ՏՏ հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա օրինական ճանապարհով գումար աշխատել. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՏՏ աննախադեպ համաժողով է մեկնարկել: Այս օրերին Երևանում կլինեն ՏՏ ոլորտի գիգանտ-առաջատարները` 70 երկրներից ավելի քան 2500 ներկայացուցչով: Համաշխարհային այս համաժողովի երևանյան հավաքն անշուշտ կարևոր է: Բայց այս բարձր նշաձողին զուգահեռ արձանագրենք, որ Հայաստանում չկան Google-ի, Facebook-ի YouTube-ի, Instagram-ի կամ այսպիսի կորպորացիաների ներկայացուցչություններ: Այս ընկերությունները ձգտում են ներկայացուցիչներ ունենալ այն երկրներում, որտեղ շուկան մեծ է, հետևաբար շահերն էլ:


Այնպես որ, եթե խնդիր ունես, օրինակ, Google-ի, Facebook-ի կամ YouTube-ի հետ, կոնկրետ անլուծելի փաստի առջև կանգնես: Այնինչ տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին օրինական ճանապարհով գումար աշխատել, երկիրն էլ ճանաչելի կդառնա տեղեկատվական քարտեզի վրա:

Մինչդեռ նույնիսկ երևանյան հզորագույն համաժողովի ֆոնին այս կորպորացիաների համար Հայաստանն, ըստ էության, ֆեյք երկիր է, որովհետև շատ օգտատերեր, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձում են զարտուղի ճանապարհով այդ իրենց դիտումներով գումար աշխատել, ինչը, ի վերջո, արգելափակման է բերում` կանգնեցնելով ֆինանսական, ինչու չէ, նաև ստեղծագործական խոչընդոտների առջև:

Համաժողովում երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի և այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք, սակայն այլ մանրամասների, արդյունքների նախարարը չանդրադարձավ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ: Այս ընկերությունում, ի դեպ, կարող են օգնել կապ հաստատելու հարցում, բայց խնդիրներին լուծում տալ չեն կարող: Վ. Գրիգորյանի խոսքով` Google-ը փոքր երկրներում հետաքրքրվածություն չունի: «Որոշակի խողովակներով իրենց փոխանցվել է, որ մենք չունենք այդ գործիքը, և շատ է հարկավոր։ Ու, ամենայն հավանականությամբ, պետք է որ սառույցը տեղաշարժվի, բայց չգիտեմ` երբ»,- ամփոփել է Վ. Գրիգորյանը: Այսինքն՝ հայ օգտատերերը պետք է առաջիկայում ևս հույսները կտրեն համացանցի միջոցով օրինական գումարներ աշխատելու, հետևաբար հարկային դաշտում հաշվետու լինելու հեռանկարից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք