հիմնական կայք
Լրահոս

Լոռու մարզում մեծ շուքով նշվեց «Բերքի տոն-2019» տոնակատարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզում մեծ շուքով նշվեց «Բերքի տոն-2019» տոնակատարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ «Բերքի տոն-2019» տոնահանդեսն այս տարի առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Օձուն խոշորացված համայնքի Այգեհատ բնակավայրում՝ Լոռվա չքնաղ բնության գրկում:


Տոնակատարությունը համախմբել էր մարզի համայնքների հարյուրավոր բնակիչների ու հյուրերի: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպություններ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, Lոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը, ձեռքի աշխատանքներ:

Մասնակիցների թվում էին համայնքների պատվիրակություններ, ագարակատերեր, մեղվաբույծներ, գյուղմթերքների վերամշակողներ (պանրագործներ, հացահատիկ աղացողներ և օղեգործներ, հացագործներ), մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, արտադրողներ:

Կազմակերպվել էր նաև տեղական արտադրության գյուղմթերքների և արտադրանքների տոնավաճառ շուկայականից ցածր գներով: Լոռու մարզպետի կարգադրությամբ «Բերքի տոնի» կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծված աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ ջանք ու եռանդ չէր խնայել, որպեսզի տոնակատարույթունն անցնի ամենաբարձր մակարդակով:

Թատերականացված տեսարաններով ներկաներին ողջունեցին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, գեղարվեստական կատարումներով, ուրախ երգ ու պարով հյուրերին ուրախ տրամադրություն հաղորդեցին մարզի համայնքների գեղարվեստական խմբերը, անհատ կատարողներ: Աշխույժ երգ-երաժշտության մթնոլորտում բեմահարթակ բարձրացան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պատվարժան հյուրեր: Իր ողջույնի խոսքը ներկաներին հղեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Շրջայցի ավարտին ընթացիկ տարվա բերքատվության բարձր արդյունքների հասած համայնքներին, անհատներին, միջոցառմանն աջակցող կազմակերպություններին տրվեցին Լոռու մարզպետի պատվոգրեր, շնորհավորագրեր ու արժեքավոր նվերներ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք