211652_close_icon
views-count2012 դիտում article-date 11:16 05-10-2019

Չի կարելի անպատկառ խոսքով մթնոլորտ փչացնել, և վերջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ ես լսում կամ կարդում եմ հայհոյախոսական, վիրավորական, անպատկառ, անհարգալից խոսք, ինձ առանձնապես չի հետաքրքրում ո՛չ «օբյեկտը» (թիրախը), ո՛չ էլ այդ խոսքն արտաբերող «սուբյեկտը»: Որևէ նշանակություն չունի, ովքեր են նրանք՝ կին, տղամարդ, պաշտոնյա, անպաշտոն, իշխանություն, ընդդիմություն, «նախկին», «ներկա». «թալանչի», «սուրբ»: Այդ ամենը խիստ անցողիկ է և ժամանակավոր: Այո, ժամանակավոր է անգամ «թալանչի-սուրբ» հակադրությունը՝ այս 28 տարիների ընթացքում բազմաթիվ «մեղավորներ» ենք տեսել, որոնք այնուհետև հասարակական գիտակցության մեջ «սուրբ» են դարձել, և հակառակը: Ես ոչ մի «օբյեկտի» կամ «սուբյեկտի» պատիվը չեմ պաշտպանում, ոչ մեկի փոխարեն չեմ վիրավորվում: Եթե «վիրավորանք» բառն այստեղ կիրառելի է, ապա ես «վիրավորվում եմ» միայն ինքս ինձ համար: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք մի քանի հոգով նստած եք սենյակում և մեկը սկսում է, ներողություն արտահայտությանս, տհաճ հոտեր հանել: «Վիրավորվում» է ոչ թե ինչ-որ մեկը, այլ հենց ձե՛ր հոտառությունը: Դուք չեք ասում, չէ՞, «բա որ այսինչ թվին Ստալինը (կամ Ներոնը, կամ Պոլ Պոտը) այսինչ չարագործություն են կատարել»: Կամ՝ «բա որ երկու օր առաջ էլ Պողոսն էր նույնն անում»: Կամ՝ «ոչինչ, օդ պղտորողը իշխանություն է (կամ ընդդիմություն է), նրան կարելի է»: Եթե դուք որևէ հոգեբանական շեղում չունեք, դուք նման վերապահումներ չեք անում, պարզապես խնդրում եք հոտ հանողին դրսևորել պատշաճ վարք: Երբ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչը օդ է պղտորում կեղտոտ բառապաշարով, ինչո՞ւ մեր արձագանքը նույնը չի: Ինչո՞ւ ենք մենք անպարկեշտ վարքի քննարկումը տանում քաղաքական դաշտ կամ զբաղվում «համեմատական հայհոյախոսության» տեսությամբ՝ որ հիշոցն է ավելի թունդ: Փոխանակ ասենք՝ չի կարելի անպատկառ խոսքով մթնոլորտ փչացնել, և վերջ: Միակ տարբերակումը, որ այստեղ պետք է լինի, սեփական անձի նկատմամբ խստապահանջ լինելու աստիճանն է: Ընդհանուր առմամբ՝ աստիճանակարգը (հիերարխիան), իմ ընկալմամբ, ձանձրալի, բյուրակրատական, անհատականությունը նվաստացնող երևույթ է՝ ով որտեղ պիտի նստի կամ կանգնի, ով ում իրավունք ունի կամ չունի դիմելու, ով որ չափով պետք է մեջք ծռի վերադասի առաջ և այլն (չնայած հասկանում եմ, որ պետական կառույցներում այդ կանոններն անհրաժեշտ են): Բայց ես կողմ եմ, որ բարոյական հարցերում լինի որոշակի աստիճանակարգ, կախված մարդկանց՝ հասարակության վրա ազդեցության աստիճանից: Լրագրողի լեզուն պետք է ավելի զուսպ և պատասխանատու լինի, քան սովորական «ֆեյսբուքահայինը», խմբագրի համար այս առումով ներքին սահմանափակումներն է՛լ ավելի խիստ են: Քաղաքական գործիչը, պատգամավորը իր հրապարակային խոսքում պարտավոր է առավել մեծ զսպվածություն դրսևորել, քան նույն խմբագիրը: Իսկ վարչապետն, իմ կարծիքով, պետք է բառապաշար ընտրելիս ամենազուսպը լինի և օրինակ ծառայի բոլորի համար: Ցավոք, միշտ չէ, որ այդպես է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր