211652_close_icon
views-count43230 դիտում article-date 20:25 04-10-2019

Արմավիրի մարզի ոստիկանները եղբայրներին, ովքեր իրենց փեսայից գողացել են 25 մլն դրամ և 2 հազար դոլար, ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. Ժողովրդական խոսքն էլ ասում է՝ «Գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի»

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի՝ վաչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նշան Հաղնազարյանի, բաժնի պետի տեղակալ Մնաց Մնացականյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել են Արմավիրի մարզում կատարված առանձնապես խոշոր չափի գողության դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:50-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով տան 2-րդ հարկի դռան բաց լինելու, ինչպես նաև տան անդամների զբաղված լինելու հանգամանքից, ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկից հափշտակել են մոտ 25 մլն դրամ և 2 հազար ԱՄՆ դոլար: Դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի և ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև փորձաքրեագետը: Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Լիլիթ Պապիկյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ–հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են տանտիրոջ՝ 56-ամյա Դիմոս Դ.-ի կնոջ եղբայրները՝ համագյուղացիներ, 56-ամյա Սերժիկ Պ.-ն և 52-ամյա Սեյրան Պ.-ն: Վերջիններս ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկը դանակով կտրել են և այնտեղից հափշտակել գումարը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներ Սերժիկ և Սեյրան Պ.-երին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանել են, որ գողությունը իրենք են կատարել: Ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը: Քիչ առաջ նշված անձինք ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվեցին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր