հիմնական կայք
Լրահոս

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին:


Շնորհակալություն հայտնելով հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության և քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:

Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսական Փըլոունի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Նախարար Մնացականյանը կոնգրեսական Փըլոունին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք