հիմնական կայք
Լրահոս

Փաշիկ Ալավերդյան. Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար

Փաշիկ Ալավերդյան. Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց սեպտեմբերի 17-27-ը Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունը:


«ԱԱ-ին չեն պատրաստվում այդ պահին, դա տարիների աշխատանք է, դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում մարզիկների անձնական մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են մարզիկներին, որպեսզի հասնեն բարձր մակարդակի: Վերջնական պատրաստվածությունը կատարել են ծանրամարտի ֆեդերացան, գլխավոր մարզիչը, երկրորդ մարզիչը: Շնորհավորում եմ բոլորիս, ծանրամարտի սիրահարներին: Մենք միշտ կփորձենք արդարացնել նրանց հույսերը:

Անկախ նրանից, թե Լաշա Տալախաձեն ինչ կիլոգրամներ է բարձրացնում, Գոռ Մինասյանն ավելացնում է իր արդյունքը: Նա այնպիսի մարզիկ է, որ եթե դուրս եկավ հարթակ, անպայման կանի իր գործը, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածի, դա շատ լավ հատկանիշ է: Նա հրաշալի մարզիկ է:

Անդրանիկ Կարապետյանի հարցում միայն դուք չեք հիասթափված, ես էլ եմ հիասթափված: Նա հուլիսին երկկողմանի թոքաբորբով պառկած է եղել, և Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորման շնորհիվ (1 մլն դրամ) կարողացանք նրան ոտքի կանգնեցնել: Մարզումների ժամանակ գրանցեց աշխարհի 2 ռեկորդ, նա էլ է հիասթափված: Տեսնենք՝ այդ «վերքը» ինչպես կսպիանա:

Հակոբ Մկրտչյանի քաշային կարգն օլիմպիական չէ: Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս: Այդ ժամանակահատվածում քաշային կարգ փոխել և մասնակցել Խաղերին հնարավոր չէ, չի կարող լուրջ արդյունքներ գրանցել:

Այս ԱԱ-ի ժամանակ Սիմոն Մարտիրոսյանի բարձրացրած կիլոգրամները բավարար չեն օլիմպիական չեմպիոն դառնալու համար: Նրա հնարավորություններն ավելի են: Եթե նա պոկի 200 կգ և հրի 240 կգ, կկարողանա հաղթել: Սիմոնն այնպիսի մարզիկ է, որ ինչքան պետք լինի, կկարողանա բարձրացնել»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում:

Հակոբ Մկրտչյանը (89 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հռչակվել էին աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք