211652_close_icon
views-count1159 դիտում article-date 11:26 02-10-2019

Տիգրան Ավինյանն ու Սինգապուրի ավագ նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները

Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Սինգապուրը պատրաստակամ է զարգացման ճանապարհին ձեռք բերած փորձառությունով կիսվել Հայաստանի հետ: Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ այսօր Եվրասիական միության և Սինգապուրի, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելիք համաձայնագրերը լուրջ ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառությանը և նոր հեռանկարներ կբացեն գործարար շրջանակների համար: Հաշվի առնելով Սինգապուրի առաջատար փորձը՝ զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ գործընկերության հաստատման հարցերին: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը լավ առիթ կլինի սինգապուրյան ընկերությունների համար՝ Հայաստանի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու: Քննարկվել է նաև կրիպտոարժույթների ոլորտում կարգավորումների թեման: Սինգապուրյան կողմը առաջարկել է հայկական պատվիրակություն ուղարկել այս տարվա նոյեմբերին կայանալիք «Սինգապուր ՖինԹեք Փառատոն 2019» (Singapore FinTech Festival 2019), որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է:

Նմանատիպ նյութեր