հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում. 49–ամյա տղամարդը, ով դանակահարված տեղափոխվել էր հիվանդանոց, գիտակցության չգալով՝ մահացել է. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին

Արտակարգ դեպք Երևանում. 49–ամյա տղամարդը, ով դանակահարված տեղափոխվել էր  հիվանդանոց, գիտակցության չգալով՝ մահացել է. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել  են կասկածյալին SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա:


Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նույն ոստիկանությունում Միաքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 49-ամյա Սանասար Մ.-ն:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը պարզել են, որ Սանասար Մ.-ին նշված մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Թ.-ն, ով տաք հետքերով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Քննիչի որոշմամբ Արման Թ.-ն ձերբակալվել է, իսկ ժամը 04:30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ Սանասար Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք