հիմնական կայք
Լրահոս

Նոր մանրամասներ երեկ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. կայանված Lexus ԼX 570-ը պատկանում է Վարսեր գյուղի գյուղապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ երեկ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. կայանված Lexus ԼX 570-ը պատկանում է Վարսեր գյուղի գյուղապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Renault Megane-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 62-ամյա Տարոն Գևորգյանը, իսկ Lexus ԼX 570-ը պատկանում է Գեղարքունիքի մարզի Վարսեր Գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին:

Վթարի հետևանքով տեղում մահացել է Renault Megane-ի ուղևոր, վարորդի համագյուղացի 64-ամյա Անդրանիկ Առաքելյանը, իսկ մյուս ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 62-ամյա Գայանե Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հ. Սեդրակյանը Վարսեր գյուղի գյուղապետն է, իսկ Renault Megane-ի վարորդը Տ. Գևորգյանն աշխատում է «Արփա-Սևան» ՓԲԸ-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Renault Megane մակնիշի 35 XO 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 51-ամյա Հուսիկ Սեդրակյանին պատկանող Lexus ԼX 570 մակնիշի 77 ԼX 775 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդը, քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հարվածի հետևանքով Lexus-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշին:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Անտոնյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր ր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք