հիմնական կայք
Լրահոս

Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ

Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ:


Բարեկամության շրջանակը ձևավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված Արցախի ավստրալացի բարեկամներ /Australian Friends of Artsakh/ խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով Արցախի ավստրալացի բարեկամներ շրջանակի ձևավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը և նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերն ընդլայնելու կարևորությունը՝ նա նշել է. «Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ և առաջնորդվենք դրանով»:

Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար:

Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք