211652_close_icon
views-count2597 դիտում article-date 09:47 23-09-2019

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել». Նիկոլ Փաշինյան

«Դավոսի ֆորումից առաջ, երբ ես պետք է մեկնեի, պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը խիտ էր. ոչ մի կերպ չհաջողվեց հանդիպման՝ իր խնդրանքը բավարարել»,- Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց այն հարցին՝ արդյոք հանդիպե՞լ է ամերիկացի մեծահարուստ Ջորս Սորոսին, քանի որ նաև նրա անվան հետ են կապում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: ՀՀ վարչապետն ասաց, որ հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը՝ ուղիղ եթերում և հայտարարեց. «Ասել եմ՝ ունենք իրավիճակ, որը պրոբլեմատիկ է, և ես իմ քայլն անում եմ հանուն այդ իրավիճակի. ով քայլ ունի անելու, թող անի: Պարզվել է՝ շատ մադրիկ ունեն: Հեղափոխությունն արել է ՀՀ ժողովուրդը: Ես իմ քայլն արել եմ, եթե ես իմ քայլն անեի, մյուսները՝ ոչ, ոչինչ չէր ստացվի…ես Գյումրիից մի խումբ ընկերներով վեր կացել, քայլել եմ, դա պլանավորված է եղել: Քայլ արա, մերժիր Սերժին կարգախոսը նախօրոք պլանավորված չի եղել, դա հընթացս է ծնվել»: Հեղափոխության վարկածների մասին խոսակցություններին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դավադրությունների տեսության հեղինակներն ասում են՝ ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ սովորաբար պլանավորվում են հեղափոխությունները: Իսկ այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ պլանավորվում են հեղափոխությունները, նրանք պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն: Ասում են, եթե հեղափոխությունը մենք չենք արել, ո՞վ է համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անել հեղափոխություն: Բոլոր կողմերին կոչ եմ անում հանդարտվել: Ովքեր եղել են ՀՀ-ում, ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն՝ ով ու ինչպես է արել այդ հեղափոխությունը: Այդ հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, այս պատմությունը նոր չի սկսել. երկար տարիների պատմություն ունի»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սորոս կամ ուրիշ բան խառնել ցանկացողներն ուզում են վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը: Ամփոփելով ՀՀ վարչապետն ասաց. «Այդ մարդկանց հայ ժողովուրդն արդեն նետել է պատմության աղբանոցը, և էլ երբեք դուրս չեն գալու: Խորհուրդ եմ տալիս վայելել հանգիստ իրենց պատմական տեղը, որում նրանք ի վերջո հայտնվել են պատմական արդարության կանոնների արդյունքում»: Լրագրողի այն կարծիքին՝ կառավարությունում Ձեզ գեներալներ են պետք, ոչ թե զինվորներ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հիշեցնելով, թե օրեր առաջ երկու գեներալի ազատել է աշխատանքից. «Զինվոր ունենում է զորահրամանատարը, իսկ ես ինձ զորահրամանատար չեմ համարում, չնայած ՀՀ սահմանադրությամբ ունեմ գերագույն հրամանատարի հնարավոր լիազորություններ: Ամենաբարձր կարգավիճակը, որ իմ ողջ կյանքում կրել եմ, ՀՀ քաղաքացին է»: Ավարտելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ընդունված ստանդարտներով չչափել ու հիշեցրեց՝ երբ ընդդիմություն էր ասում էին, թե ընդդիմությունն այդպիսին չի լինում, երբ պատգամավոր էր, ասում էին՝ պատգամավորն այդպիսին չի լինում, մինչև անգամ ասում էին, թե իշխանափոխությունն այդպես չեն անում:

Նմանատիպ նյութեր