211652_close_icon
views-count5056 դիտում article-date 20:36 18-09-2019

«Երևան Իմ Սեր» հիմնադրամում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի մեկամյա գործունեության հաշվետու միջոցառումը:. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019 թվականի սեպտեմբերի 11-ին, «Երևան Իմ Սեր» հիմնադրամում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության մեկամյա գործունեության հաշվետու միջոցառումը: Կազմակերպության հիմնադիրներն են՝ ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը և իրավաբան Տիգրան Դադունցը; Կազմակերպությունը ունի հստակ տեսլական՝ ունենալ առավել իրազեկ և իրավագիտակից երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը տիրապետում է իր հիմնական իրավունքներին և ազատություններին, ձեռնամուխ է լինում դրանց պաշտպանությանը, առավել պաշտպանված է մարդկության դեմ իրականացվող բռնություններից և հանցագործություններից, աջակցել այնպիսի հասարակությանը, որը դատապարտում է և պատրաստ է կանխել իր դեմ իրականցվող բռնությունները, ընդհուպ մինչև` ժամանակակից ցեղասպանությունները: Կազմակերպության մեկ ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված էին տասնյակ հյուրեր՝ քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներ, կազմակերպության անդամները, կամավորները, գործընկերները և աջակիցները: Միջոցառումն մեկնարկեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Ժողովրդական նվագարաններ բաժնի առաջատար փորձառու մանկավարժ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի սաների կատարմամբ, որին հաջորդեց կազմակերպության հիմնադիր, նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի բացման խոսքը: Կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց որ աշխարհի հետ խոսում է Իրավունքի ձայնով: Այնուհետև իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց բոլոր այն կառույցների ղեկավարներին, ովքեր հավատացել են իրենց, ովքեր աջակցել են և մեծ ուժ են տվել իրենց ետ չկանգնելու իրենց գաղափարներից, երազանքներից; Նա նշեց որ առանց իրենց աջակցությամբ և մեծ նվիրվածությամբ նրանք շատ գործեր չէին կարող իրականություն դարձնել: Ափոփելով այս տարվա ձեռքբերումները Լիլիթ նշեց, որ ամենամեծ ձեռք բերումը համարում է այն, որ այս տարի ամռանը «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ և «Այլևս երբեք Ռուանդա» ՀԿ-ի հետ ստորագրել են գործընկերային պայմանագիր՝ Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում: Որով կողմերը ջանքեր կգործադրեն ցեղասպանագիտության, մարդու իրավունքների, խաղաղաշինության ոլորտներում կրթական, հետազոտական, փորձի փոխանակման համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Այս տարի Ռուանդայում առաջին անգամ «Այլևս երբեք Ռուանդա» կազմակերպության գրադարանում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված անկյուն, որով ռուանդացի հետազոտողներ արդեն կկարողանան ուսումնասիրել նաև Հայոց ցեղասպանության պատմության մասին գիտական նյութեր, քանի որ ամեն տարի «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնը» գրադարանին նվիրելու նոր գրքեր: Լիլիթը առանձնահատուկ կարևորություն տվեց նաև 1992 թվ․Մարտակերտ շրջանի Մարաղա գյուղի կոտորածի ժամանակ անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Երևան քաղաքում հուշակոթող կամ խաչքար տեղադրվելու խնդրի լուծման հարցը: Լիլիթը նշեց որ հետևողական է լինելու այս հարցում որպեսզի անպայման Երևան քաղաքում տեղադրվի այդ հուշաքարը, քանի որ ցանկացած մարդկային ինքնության հիմնական տարրը հիշողությունն է, անցյալի հետ անձնական կապի առկայության գիտակցումը: Միջոցառման ընթացքում իր գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Ագապէ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մարիա Գալստյանի գլխավորությամբ: Միջոցառման երկրորդ հատվածում ելույթով հանդես եկավ կազմակերպության հիմնադիր, փոխնախագահ Տիգրան Դադունցը: Նա նշեց, որ շատերին կարող է թվալ թե ցեղասպանություն և մարդու իրավունքներ կատեգորիաները անհամատեղելի երևույթներ են և դժվար է երբեմն պատկերացնել, որ ցեղասպանագիտությունն ու մարդու իրավունքների ուսումնասիրությունն ու կրթությունը կարող են ինչ որ ձևով մեկտեղվել, սակայն ցեղասպանությունն իրավունքի կողմից գնահատված երևույթ է և այս առումով են իրենք կարևորել մարդու իրավունքների և ցեղասպանագիտության ոլորտների այս հետաքրքիր համատեղումը: Տիգրան Դադունցը մատնանշեց, որ ցեղասպանագիտության հետ մեկտեղ մարդու իրավունքների կրթությունը քայլ առ քայլ կարող է բերել մի կարևոր վերջնարդյունքի, այն է` յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է առաջին հերթին` ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցիչ, ապա նաև` աշխարհի քաղաքացի, կունենա կայուն իրավագիտակցություն, գիտելիք և կամք` պայքարելու նման երևույթների դեմ և օգնելու հասարակությանն ու պետությանը` հասնել դրանց ճանաչմանը և հատուցմանը: Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն Հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի կողմից «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ Հիմնադիր Նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը պարգևատրվեց ՝ Մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պատվոգրով: Միջոցառման ավարտին հյուրերը դիտեցին փոքրիկ ֆիլմ, որ պատմում էր մեկ տարվա ընթացքում կազմակերպության անցած ճանապարհի և իրագործած ծրագրերի մասին, որից հետո կազմակերպության մի շարք գործընկերներ, աջակիցներ և անդամներ պարգևատրվեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկներից պատրաստված շնորհակալագրերով: Միջոցառման ավարտից հետո կազմակերպության ներկայացուցիչները և հյուրերը շարունակեցին ջերմ զրույցը և շփումները կազմակերպության կողմից տրված հյուրասիրության շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր