211652_close_icon
views-count1418 դիտում article-date 21:19 18-09-2019

Գեղամ Գևորգյանը հանդիպել է ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի գլխավորած պատվիրակությունների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ: Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն առաջարկել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստման դասընթացներ անցնել իրենց ուսուցման կենտրոնում: Այս համատեքստում Իգոր Արտեմևը ընդգծել է նաև իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու և պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝ ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում խախտումներ տեղի ունենալու դեպքերում: «Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գևորգյանը: Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաև պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր