211652_close_icon
views-count5474 դիտում article-date 15:37 17-09-2019

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել իր հրաժարականն ու հնչեցրած հայտարարությունը: «[url=https://armenpress.am/arm/news/988352.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Hraparak.am, Factor.am և Armlur.am լրատվամիջոցների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ հրաժարականի տեքստն անպայման առաջիկայում կմեկնաբանի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: «Երբ ես ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Հրաժարականի մասին ես խոսել եմ իմ ընտանիքի` կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ, տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այն շատ մտածված էր և հստակ»,- ասաց Վանեցյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը նշեց, որ այժմ իր համար կարևորագույն հարցը ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն են: «Ես քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին երկու շատ վճռորոշ խաղեր, որոնցում հաջողության հասնելու դեպքում մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա հայտնվելու Եվրոպայի առաջնությունում: Ինձ համար ամենակարևոր հարցն այս պահին դա է»,- նշեց նա: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

Նմանատիպ նյութեր