211652_close_icon
views-count2290 դիտում article-date 10:47 17-09-2019

Էլի մնացինք ենթադրությունների հույսին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Որքան ես ապրել եմ Խորհրդային, իսկ այնուհետև՝ անկախ Հայաստանում, դեռևս չի եղել բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական, որին հոդաբաշխ բացատրություն տրվեր: Ընդ որում՝ հրաժարականի մասին պարտիզանական լռություն են պահպանում թե՛ պաշտոնից հեռացողները, թե՛ նրանց «հանողները»: Սովետի ժամանակ կար «ունիվերսալ» բացատրություն՝ «առողջական խնդիրների պատճառով»: 1991 թվականից հետո բոլոր հրաժարական տվածները, կարծես թե, ֆիզիկապես առողջ են: Իսկ թե ինչ տարաձայնություններ են ունեցել նրանք իշխող խմբի և, մասնավորապես, առաջին դեմքի հետ, դա պարզվում է միայն, եթե հրաժարական տվածները քաղաքական պայքար են սկսում իշխանություն դեմ: Այդպես եղավ Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի, Համբարձում Գալստյանի, Դավիթ Շահնազարյանի և շատ-շատերի պարագայում: Իսկ, օրինակ, Վիկտոր Դալլաքյանը, լոռեցու պարզամտությամբ խոստովանելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում ոչ մի գործ չէր անում, իր «հրաժարականի ասուլիսում» խոստացել էր հուժկու ընդդիմադիր շարժում նախաձեռնել, բայց հետո, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվեց իր մտադրությունից: Արթուր Վանեցյանը, բնականաբար, այդ դեպքը չէ. նա քաղաքական գործիչ չէ, անվտանգության կադրային սպա է, և, ի դեպ, ընդամենը 40 տարեկան է ու կարող էր ծառայել առնվազն ևս երկու տասնամյակ: Բայց նա նույնպես ուղիղ տեքստով չբացատրեց իր հրաժարականի պատճառները: Ճիշտ է, իր հրաժարականի տեքստում կան ակնարկներ «որոշումների տարերայնության», «գործողությունների հախուռնության», «առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի» մասին: Իմանալով մեր վարչապետի հախուռն բնավորությունը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին է: Բայց, ինչպես և մնացած, այս դեպքում էլ մենք անցնում ենք ենթադրությունների դաշտ: Եվ այդ դաշտում կարելի է հազար ու մի գուշակություն անել՝ սկսած նրանից, որ վարչապետը դրդում էր ԱԱԾ պետին ավելի ակտիվորեն զբաղվել «նախկինների» կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ (որպեսզի հասարակությունը «զբաղվելու թեմա» ունենա), վերջացրած նրանով, որ Փաշինյանի «հ/կ-ական» շրջապատը նրանից պահանջում էր հեռացնել «ոչ հ/կ-ական» տրամաբանությամբ աշխատող ուժային կառույցի ղեկավարին: Եթե այդ գուշակությունները ճիշտ են, ապա «նախկիններին բռնելու» գործընթացը մոտ ժամանակներս ակտիվանալու է: Ճիշտ է, այդ իրադարձությունները այլևս չեն կարող երկար ժամանակ բուռն քննարկումների տեղեկատվական առիթ հանդիսանալ: Գործընթացը կորցրել է իր թարմությունը: Համենայնդեպս, «ԱԱԾ» մակագրությամբ «կեպկաները» կամ շապիկներն այլևս մեծ պահանջարկ չեն ունենա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր