հիմնական կայք
Լրահոս

Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին

Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:


Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 18:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում:

«Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Ալեքսիս Օհանյանի այս գիրքը հաջողության հասնելու իսկական ուղեցույց է: Գրքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ կծանոթանան նրա գաղափարներին այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու»,-նշում է «Կարապ» ընկերության հիմնադիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել է ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև մոտ 20 րոպեանոց ոգեշնչող ելույթով հանդես գալ:

Նշենք, որ գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:

Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա Y Combinator կազմակերպության համար: Նա նաև մոտիկից ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, և Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»:

Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:

Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաև մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010 թվականին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը: Բացի այդ, դարձել է Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրը:

Ալեքսիս Օհանյանը հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և ոչ միայն:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք