211652_close_icon
views-count1571 դիտում article-date 10:41 11-09-2019

Մենք կունենանք ուժեղ, ժողովրդավարական ընդդիմություն, որը ազնիվ, գաղափարական մրցակցության մեջ կմտնի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հիշում եմ, 1996 թվականի ռուսաստանյան նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ մտավորականների առաջ ելույթ էր ունեցել հայտնի բանաստեղծ-երգիծաբան, «Ծիծաղի շուրջը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսանդր Իվանովը: Նրա ասածի իմաստը հետևյալն էր. շատ ցավալի է, անգամ ողբերգական է, բայց ախր մենք չունենք, պարզապես չունենք Ելցինից բացի այլ թեկնածու: Հիշեցնեմ՝ այն ժամանակ գործող նախագահի իրական այլընտրանքը կոմունիստ Գենադի Զյուգանովն էր, որն, ունենալով Ելցինի նկատմամբ որոշակի անձնական առավելություններ, այնուամենայնիվ, ակնհայտորեն մտադրված էր երկիրը տանել 180 տոկոս հակառակ ուղղությամբ՝ դեպի անցյալը: Ալեքսանդր Իվանովի ու բազմաթիվ այլ հայտնի ռուսաստանցի մտավորականների ընտրության պատճառը գոնե ինձ համար պարզ է, և այդ ընտրությունն ամենևին չէր նշանակում, որ նրանք հրճվում էին Ելցինի, մեղմ ասած, հակասական կերպարով: Համանման տրամաբանությամբ է առաջնորդվել վերջերս ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ այսպես կոչված «խելացի քվեարկություն» առաջարկելով Ռուսաստանի Դումայի ընտրություններում: Քանի որ Կրեմլի հրահանգով բազմաթիվ ընդդիմադիր թեկնածուներ (այդ թվում ինքը՝ Նավալնին) չէին գրանցվել այդ ընտրություններում, նա առաջարկում էր քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուներին, որոնք իրենց ներկայությամբ «կոտրում են» «Միասնական Ռուսաստանի» մենաշնորհը: Հայաստանում հաջորդ համապետական ընտրություններն, ըստ օրենքի, պիտի տեղի ունենան 4,5 տարուց: Ես հույս ունեմ, որ այդպես կլինի: Եթե, այնուամենայնիվ, լինեն արտահերթ ընտրություններ, ապա, հավանաբար, գործելու է երկու սցենարներից մեկը. կա՛մ իշխող թիմում հակասությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որ վարչապետը կորոշի ևս մեկ անգամ ստանալ քաղաքացիների վստահության քվեն (դա ամենավատ տարբերակը չէ), կա՛մ տեղի կունենա ուժայինների, զինվորականների հերթական հեղաշրջում, որի թիկունքում կանգնած կլինի Ռոբերտ Քոչարյանը (մոտավորապես նույն սցենարն էր աշխատել 1998-ին): Այդ տարբերակն իշխանությունը պետք է կանխի ամենայն վճռականությամբ, մնացած քաղաքացիներն էլ պետք է դրան «ոչ» ասեն: Բարեբախտաբար, այդ «ոչ ասելու» հավանականությունն այս պահիս ավելի մեծ է, որովհետև 1998-ին քաղաքացիների մեծամասնությունն արդեն հասցրել էր, մեղմ ասած, չսիրել առաջին դեմքին, իսկ այսօր՝ դեռ չի հասցրել: Թե ինչպես է Քոչարյանն այսօր քաղաքական գործոն դարձել, կարելի է երկար գրել՝ իհարկե, դա ներկայիս իշխանության բացթողումներից մեկն է: Բայց մի կողմում լուրջ սխալներով ու բացթողումներով հանդերձ օրինական իշխանությունն է, իսկ մյուս կողմում՝ արյան նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց խումբը, պարզ չէ՞, թե ո՛րն է գերադասելին: Բայց դեռ հույսս չեմ կորցրել, որ մենք կունենանք ուժեղ, ժողովրդավարական ընդդիմություն, որը 2023 թվականի ընտրություններին ազնիվ, գաղափարական մրցակցության մեջ կմտնի ներկայիս իշխանության հետ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր