211652_close_icon
views-count2378 դիտում article-date 19:38 10-09-2019

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել անկախ աբխազական պետականության կերտման ակունքներում, ակտիվ մասնակցություն է ունեցել հարազատ երկրի պաշտպանության, զարգացման եւ ամրապնդման գործում, այսուհետ եւս կանեք Ձեզնից կախված ամեն ինչ Ձեր ժողովրդին եւ պետությանը ծառայելու համար: Հարգարժա՛ն պարոն Խաջիմբա, մեկ անգամ եւս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները եւ բարեկամության ու համագործակցության խորը հավաստիքը՝ ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Նմանատիպ նյութեր