հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:


Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, նշված վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտաշես Ալեքսանյանի գլխավորությամբ

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Ամիրջանյանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ ու Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Առաջին պահից դեպքի վայրում է նաև Քարաշամբի գյուղապետը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու:

Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

Նաև ոստիկաններն ու Չարենցավանի հրշեջ-փրկարարները պարզել են, որ խոշոր եղջերավոր անասուններից 9-ը պատկանում են Քարաշամբ գյուղի բնակիչ, 59-ամյա Գառնիկ Եղիազարյանին, իսկ մեկն էլ՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարգիս Սարգսյանին:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Սարգիսն ու Գառնիկը վարկ են վերցրել, այդ գումարը ներդրել են անասնապահության մեջ, ու այս տարի արդեն պետք է եկամուտ ունենային: Երկուսի ընտանիքներն էլ սոցիալապես անապահով են, հող ու ջրի մարդ են: Չիտենք, ում դիմենք, էն որ ասում է՝ կարկուտը ծեծած տեղն ա խեծում, լրիվ էս դեպքն ա:

Գյուղապետ Զորիկ Խլղաթյանը տեղյակ է դեպքից, սակայն մենք լավ գիտենք, որ գյուղապետարանը այդքան բյուջե չունի, որ օգնության ձեռք մեկնի: Մեր հույսը Կոտայքի մարզպետն ու մեր մարզից պատգամավոր ընտրված, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն են:

Ճիշտն ասած, չգիտենք, մարզպետը հնարավորություն կունենա՞, բայց որ Գ. Ծառուկյանը, ով մեր մարզի հարգված մարդկանցից է, մեր հող ու ջրի մարդ, գյուղացու թիկունքին կանգնող անձնավորություն, ուզում ենք հավատալ, որ հաստատ օգնության ձեռք կմեկնի»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք